Այս տարի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների դեպքերով հարուցված վարչական մի շարք գործեր արդեն Վարչական դատարանի վարույթում են: Նախաձեռնության անդամ՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանի խոսքով, դատական նիստեր են նշանակված օգոստոսին:
Խախտումները վերաբերում են 9/7 տեղամասում ամփոփման նիստի՝ հաշվարկի ընթացքում ավելորդ պարագաների՝ գրիչների առկայությանը:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն, խախտումը չի վերացվել: Խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Մեկ այլ դեպքով՝ 9/42 տեղամասում արձանագրվել է, որ հաշվարկները սկսվել են կես ժամից ավելի ուշացումով, որի ընթացքում բաց և առանց հսկողության է թողնվել չհրկիզվող պահարանը։ Հանձնաժողովի նախագահը և անդամներ մոտեցել են չհրկիզվող պահարանին և ինչ-որ գործողություններ կատարել:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն, խախտումը չի վերացվել: Այս խախտման վերաբերյալ գնահատականը նույնպես չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
«Բազմաթիվ հայցեր են ներկայացվել, բոլոր ընտրախախտումներով, որոնցով, որ մեր կողմից հավատարմագրված դիտորդները խախտումներ են արձանագրել: Նոր են նշանակվում նիստերը, մի քանի նիստ արդեն նշանակվել է, բայց մեծամասնության դեպքերով դեռ չեն էլ նշանակվել»,- ասաց Դավիթ Գյուրջյանը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 96 հայց է ներկայացրել դատարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ