Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային վերջին միջադեպին, երբ հայկական կողմը, պատասխանելով թշնամու կողմից ՌՏ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքների կիրառմանը, ոչնչացրել է Ալխան գյուղի մոտ տեղակայված հակառակորդի կրակակետը, որի պատճառով զոհվել են 50-ամյա Սահիբա Գուլիեւան եւ երկու տարեկան Զահրա Գուլիեւան, ասաց․ «Մտնում են գյուղերի մեջ, տների հետևը, կրակում են, գիտեն որ հայը կյանքում գյուղի ուղղությամբ չի կրակի․․․
Բայց բանը բանից անցել է, նախանցած տարի, որ Տավուշի Բերդավան գյուղի վրա հրանոթից կրակեցին, մայր ու աղջիկ զոհվեցին հենց իրենց տան դիմաց, մոռացա՞ն կամ քիչ երեխեք են սպանե՞լ իրենք։ Մերոնք իրենց էրեխեքին չեն թիրախավորել, թիրախավորել են կոնկրետ կրակող կայանքներին, կրակակետերին, հիմա բեկորը, փամփուշտը, արկը երեխա ու ծեր չեն հարցնում, որտեղից կրակել են, էնտեղից էլ պիտի պատասխան ստանան։ Երևի Իսրայելի պես պիտի դնենք ողջ գյուղը ջարդենք, որ հասկանան, թե ինչ կա աշխարհում։ Էդ էրեխի ծնողները թող ելնեն իրենց իշխանության դեմ, թող գնան Ալիևի գլուխը ջարդեն, որ չբերեն հրետանին գյուղերի մեջ լցնեն ու կրակեն։
Տանկը բերում, մտցնում, գյուղի միջից կրակում են, հիմա ո՞վ մեղավոր դարձավ, հա՞յը, իրենք իրենց են մորթում։ Սրանից 15-20 օր առաջ չորս զոհ ունեցանք, 4 առյուծներ զոհվեցին, եթե զինվորականի համազգեստ էր էդ 18 տարեկան էրեխեքի հագը, նրանք երեխա չէի՞ն․․․Կամ Մարտունիում անցած տարվա ապրիլին, որ դպրոց գնացող էրեխեքին արկով խփեցին ու սպանեցին, մեր էրեխեքը էրեխա չէի՞ն։
Իրենք իրենց սպանում են ու միջազգային արենաներում ճվում, ճչում են, թե վա՜յ, տեսեք, մեր վրա հարձակվեցին։ Իրենց դիվերսիաներն ու կրակածներն էլ մշտապես մեզ են վերագրում։ Վերջը ժամ գոյություն ունի, կան տեսաձայնագրություններ, ամբողջ համացանցը հեղեղված է կադրերով, էս ինչ ժամին իրենք կրակել են, էս ինչ ժամին մերոնք պատասխան են տվել, որտեղից կրակել են, էնտեղ էլ պատասխան են ստացել, հո հատուկ նպատակով էդ էրեխին չխփեցին, վերջը բեկոր է, որտեղ ասես չի կարող կպնել ու վնասել, կարող է դիպչել թփին, անասուններին, տանը, ավտոմեքենային, այդ թվում նաև մոտակայքի մարդկանց։ Թեև ես խիստ կասկածում եմ, որ էդ էրեխեն մեր կրակոցից է զոհվել, շատ հավանական է, որ իրենք սպանած լինեն, գյուղի ծայրամասի տուն է, միգուցե զենքի սխալ կիրառմամբ հենց իրենք սպանած լինեն, իրենք մեծամասամբ սխալ ուղղությամբ են խփում։
Չի բացառվում, որ նաև դիտավորյալ արած լինեն, Խոջալուի դեպքերը չե՞ք հիշում, դրեցին, սպանեցին, բարդեցին մերոնց վրա, էն դեպքում, երբ որ մերոնք մարդասիրությունից դրդված 3 ճանապարհ էին տվել իրենց։ Էն լրագրողն էլ, որ նկարել էր, պիտի թռներ Բաքու իշխանություններին ցույց տալու իրենց վայրագությունները, օդի մեջ խփեցին, որ չտանի, չհասցնի կադրերը։ Լրագրողը պատերազմի թեժ կետերում եղած, պատերազմի բոհով անցած մարդ էր։ Իրենք միշտ են էդպես, իրենց ձեռագիրն է։ Ընդունենք, որ մենք ենք կրակել էդ էրեխին, որտեղից որ իրենք կրակել են, պարզ երևում է տեսանյութում, մերոնք հենց էդտեղ են խփել։ Մերոնք, ի տարբերություն իրենց, ճշգրիտ տեղում են խփում, եթե տան հետևն ես մտել, էդ տունը պիտի լինի ամրո՞ց քո համար կամ ի՞նչ պիտի իմանային, որ էդտեղ երեխա կար»։
Յուրա Ալեքսանյանը չի բացառում լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ Ըստ նրա, անցած տարվա ապրիլին էլ լարվածությունը լայնամասշտաբ պատերազմի կհանգեցներ, եթե մերոնք ժամանակին չկանխեին։ Մեր զրուցակցի համոզմամբ, երեխայի սպանությունը ուղղակի կարող է առիթ լինել պատերազմի համար, սակայն թշնամին պիտի հասկանա, որ պատերազմի դեպքում իրենց սահմանամերձ գյուղերը կհայտնվեն մեր թիկունքում։ «Մենակ զենքը չէ, կրակող էլ է պետք, միայն կռվելը չէ, կռվող էլ է պետք, իսկ իրենք առաջնագիծ են մղում ազգային փոքրամասնություններին՝ լեզգիներին, թալիշներին․․․Մանր ազգերին թնդանոթի միս են սարքում, իսկ իրենք բիզնես անում», -ասում է մեր զրուցակիցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
հանգիստ մնացէք, Յուրա ջան… բան չմտածէք, դուք խնդիր չունէք…
ձեր գործը ըրէք, թողեցէք մնացեալը քաղաքական գործիչներին, դիւանագէտներին, լրագրողներին, անոնք ալ իրենց գործը կը կատարեն
(եթէ այդ երեխան իսկապէս զոհ գնաց, Ալլահը թող նրա հոգին լուսաւորէ, սակայն եթէ այդ է գինը – եւ փաստօրէն միակ միջոգը – որ մեր երեխաները զոհ չերթան, ուրիշ ճար չկայ…)