Այս լուսանկարները «Առավոտին» է տրամադրել Երեւանի արտասահմանյան հյուրերից մեկը: Լուսանկարներում Հայաստանի ազգային պատկերասրահն է, որտեղ ցուցադրվում են մշակույթի համաշխարհային մակարդակի գանձեր` Սարյան, Այվազովսկի եւ այլն: Նման գանձերը հատուկ խնամք են պահանջում` համապատասխան ջերմաստիճան եւ հարաբերական խոնավության, քամու եւ արեւի լույսի բացակայություն: Լուսանկարը, որում տեսնում եք Այվազովսկու հանրահայտ «Նոյն իջնում է Արարատից» կտավը (1889թ.), արված է այսօր` հուլիսի 6-ին, երբ Երեւանում տապ էր եւ միաժամանակ փոշոտ քամի: Մյուս լուսանկարում պատկերասրահում տեղադրված ջերմաչափն է, որը ցույց է տալիս 32 աստիճան:
Ըստ չափանիշների` յուղաներկ կտավների պահման համար լավագույն ջերմաստիճանը 19-20 աստիճանն է` 50-60 տոկոս հարաբերական խոնավության պայմանում: Կտավների պահպանման համար խիստ կարեւոր է նաեւ բնական լույսի տակ չմնալը` արեւի լույսի մեջ առկա ուլտրամանուշակագույն ճառագայթները կործանիչ ազդեցություն կարող են ունենալ կտավների վրա:
Մի կողմ ենք թողնում այն փաստը, որ պատկերասրահի հյուրերն էին տառապում շենքի ներսում 32 աստիճան շոգից, նրանք հետո կզովանան, իսկ նկարնե՞րը…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ