Լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան մուտք գործած ոստիկանների գործողություններում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի տեսել: Այս մասին տեղեկանում ենք հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. հունիսի 26-ին կայացրած որոշումից:
Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում՝ տան անդամների կամքին հակառակ և փորձել խուզարկություն իրականացնել: Պարզելով, որ խուզարկություն իրականացնելու թույլտվություն ոստիկանները չունեն՝ բնակիչները նրանցից պահանջել են հեռանալ բնակարանից, ինչից հետո լարված մթնոլորտ է առաջացել, ոստիկաններն սպառնացել են բաժին տանել Ա. Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն, երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ոստիկաններն այս գործողությունները մեկնաբանել են նրանով, որ հետախուզման մեջ գտնվող անձի են փնտրել: Հիմնավորումն էլ վերջինիս՝ տվյալ բնակարանում տեղակայված WiFi-ից օգտվելն է եղել: Ինչպես բնակարանում գտնվելու ընթացքում, այնպես էլ հետագայում ոստիկանները հերքել են խուզարկություն կատարելու մտադրությունը և մեկնաբանել են, թե հետախուզվողին կարող էին տեսնել բնակարանում կամ տան անդամների հետ զրույցից զգալ այնտեղ է, թե՝ ոչ՝ առանց խուզարկություն կատարելու:
Հավելենք, որ օրեր առաջ Ա. Մախսուդյանը հարուցված քրեական գործի շրջանակում իր պաշտպանի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությամբ տուժող էր ճանաչվել:
Քրեական գործի վարույթը կարճելու որոշումից պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինը քննության առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ լրագրող Ա. Մախսուդյանի բնակարանի ինտերնետից, առանց նրա իմացության, օտար անձանց օգտվելու փաստը կարող է վտանգել լրագրողական աղբյուրների, լրագրողի անձնական խոսակցությունների ու նամակագրության անվտանգությունը, ինչը միջամտություն է նրա անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ: Եվ իրականացրել է միակողմանի քննություն՝ նախապատվությունը տալով ոստիկանների ցուցմունքներին:
Բացի դրանից՝ բացառել է առանց տանտերերի իմացության բնակարանում տեղադրված WiFi-ից ընտանիքից դուրս այլ մարդկանց օգտվելու հանգամանքը այն դեպքում, երբ տարրական գիտելիքներ են անհրաժեշտ հասկանալու համար, որ այս սարքավորման սփռման տարածքը կարող է ընդգրկել ոչ միայն բնակարանը, որտեղ տեղադրված է, այլև հարակից տարածքները և ցանկացած մեկը կարող էր գաղտնաբառը «կոտրելու» միջոցով օգտվել ինտերնետից՝ առանց տվյալ բնակարանում գտնվելու:
Ի դեպ, Մախսուդյանները հայտնել են, որ հարևանը ևս օգտվում է իրենց ինտերնետից:
Մանրամասներն` այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ