«Հասկացանք, որ ցնցումներից խուսափում ենք, բայց ժողովուրդը ուզում է լավ ապրել: «Ծառուկյան» խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել, միանշանակ դեմ ենք քվեարկելու բյուջեի կատարողականին»,-ԱԺ-ում ներկայացնելով «Ծառուկյան» խմբակցության տեսակետը 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության մասին՝ ասաց Միքայել Մելքումյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով վատ ցուցանիշների մասին, ասաց, որ կառավարությունը բյուջեն կատարել է, իրենք գոհ չեն տեմպերից, չեն ողջունում. «Ծրագրի իրականացման հետ կապված անբավարար նշանակող քաղաքական ուժերը մասնակի՞ց են եղել այդ ծրագրի իրականացմանը՝ այո, որոշ ծրագրերի հետ կապված նրանք դրա մասնակիցն են եղել: Կարո՞ղ ենք արձանագրել, որ նրանք ինքնաքննադատությամբ են վերաբերվում եւ իրենց կատարած աշխատանքին 2 են նշանակում: Բնականաբար, կարող ենք, որովհետեւ գաղտնիք չէ, որ այդ ծրագրերը չի իրականացրել միայն ՀՀԿ-ն կամ նրա ներկայացուցչները, դրա մասնակիցն են եղել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»:
Հիշեցնենք, որ իշխանություններին «2» էր նշանակել Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ կապված Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնել ցանկացողների ցուցակին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մեր իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ցուցակներ չի գրում մեզ համոզողների եւ չհամոզողների, մենք դրա կարիքը չունենք: Ես խնդրում եմ մեր ընդդիմադիր գործիչներին այդ կոմպլեքսներից դուրս գան: Ես հայտարարում եմ հանրությանը՝ մեր ընդդիմադիր բոլոր գործիչները ռադիկալ ընդդիմադիրներ են, որ այսօր բոլոր խոսակցությունները փակվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ