Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի եւ քարոզչական ադրբեջանական փուչիկի մասին (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 17:42

Հուլիսի 6-ին կայացավ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը, որտեղ ներկայացված են փաստեր 2016թ. ապրիլյան պատերազմի մեկնարկի վերաբերյալ:

Ֆիլմը կառուցված է Արցախի Ներքին Ճարտար գյուղի երեխաների եւ նրանց ծնողների վկայությունների հիման վրա: Երեխաները պատմում են, թե ինչպես են ապրիլի 2-ի առավոտյան վիրավորվել իրենք կամ իրենց ընկերները, զոհվել 12-ամյա Վաղարշակը` դպրոց գնալու ճանապարհին: 4 արկերից 3-ը ընկել են դպրոցի հարեւանությամբ: Ծնողներն էլ փաստում են, թե ինչպես են ադրբեջանական կողմի անօդաչու սարքերը պարբերաբար երեւացել գյուղի երկնքում ու նկարել տարածքը:

Ցուցադրությանը ներկա էին ֆիլմի հեղինակները` Մարինա Գրիգորյանն ու Լարիսա Ալավերդյանը:

Տիկին Ալավերդյանը նշեց, որ ֆիլմը 5 լեզվով է` ներառյալ թուրքերենը: Նրա ձեւակերպմամբ, ալիեւյան կլանի հռետորաբանությունը տեղ չի թողնում կասկածելու, որ Ադրբեջանն իր ցեղասպանական քաղաքականությունը չի դադարեցնի հորդորներով եւ հավասարակշռված հայտարարություններով:

Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ ֆիլմը հնարավոր բոլոր խողովակներով պետք է հասցվի համապատասխան ատյաններին:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից երեխայի զոհվելու մասին լուրերին, նրա խոսքով՝ Ադրբեջանը երեխայի մահը մանրադրամ է դարձրել, եւ սա այն դեպքում, երբ իր համար մեկ է, թե ինչ ազգության երեխաներ են զոհվում իր վարած քաղաքականության պատճառով:

Մարինա Գրիգորյանն էլ է կարծում, որ Ադրբեջանի կողմից երկու տարեկան երեխայի մահվան շահարկումը քարոզչական փուչիկ է, եւ անձամբ իր համար կասկածելի են երեխայի մահվան հանգամանքները, իսկ դրան հետեւած գործողությունները` նախօրոք բեմադրված:

 Նա փաստեց, որ 2016 թ. ապրիլի 2-ին ադրբեջանական կողմը հստակ հաշվարկներով է առավոտյան ժամին խոշոր տրամաչափի արկեր գցել գյուղի դպրոցի մոտ, որովհետեւ նպատակ է ունեցել, որ մեծ թվով երեխաներ զոհվեն ու խուճապ առաջանա Արցախում:

ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը նշեց, որ վավերագրական ֆիլմը հերթական փաստաթուղթն է, որին պետք է ծանոթանա միջազգային հանրությունը եւ համապատասխան ատյանները: Նրա խոսքով, Ադրբեջանի վարքագիծը չի փոխվել Խոջալուից ի վեր: Սաղաթելյանը փաստում է, որ ադրբեջանական կողմի անփոփոխ ձեռագիրն է` կրակակետերը տեղակայել բնակելի տարածքներում:

Նա հիշեց վերջերս Lifenews-ի թղթակիցների հետ կատարված միջադեպը: LifeNews-ի անձնակազմն ուղիղ եթերով ներկայացրել էր իրական իրավիճակն ադրբեջանական Թարթառ բնակավայրում, ինչի համար արտաքսվել էր երկրից: Նրանք նաեւ ֆիքսել էին, որ ադրբեջանցիները գրադները, հրետանին, Դ-30 թնդանոթները եւ ռազմական տեխնիկայի այլ միավորներ տեղակայել են բնակելի թաղամասերում:

ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտնեց, որ մեկ տարուց ավելի աշխատել են ֆիլմի վրա. «Կարեւոր է, որ ֆիլմը ոչ միայն մեր, այլեւ միջազգային հանրությունը տեսնի եւ տեղեկացված լինի, որովհետեւ այսօր աշխարհում սրտերի եւ գաղափարների համար մեծ պայքար է գնում: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հակամարտությունը միջազգային հանրությանը ներկայացնի այն տեսանկյունից, որն իրեն ձեռնտու է: Մեր խնդիրն է` ներկայացնել ոչ թե հայկական կողմի տեսակետը, այլ ճշմարտությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31