Արդեն 3 ամիս է ինչ մեր երկրում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Նախընտրական շրջանում յուրաքանչյուր կուսակցության, դաշինքի ու թեկնածուի տրվեց հնարավորություն՝ օրենքով սահմանված վայրերում փակցնել նախընտրական պաստառներ: Վանաձորի քաղաքապետի որոշմամբ էլ, Վանաձորում քարոզչական պաստառներ փակցնելու համար հատկացվել էր 54 անվճար տարածք: Սակայն, բացի օրենքով նախատեսված վայրերը, թեկնածուներն իրենց քարոզչական պաստառները փակցրեցին նաեւ չնախատեսված վայրերում:
Ընտրություններից հետո ոմանք իրականացրեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջը, ըստ որի, նախընտրական քարոզչության հետ կապված միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառներն ընտրություններից հետո պետք է հանվեր համապատասխան թեկնածուի, կուսակցության կամ կուսակցության դաշինքի կողմից:
Սակայն, ինչպես ամեն ընտրությունից հետո, այժմ էլ Վանաձորի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի ու թեկնածուների պաստառների, որոնք նախատեսված ու չնախատեսված վայրերից շարունակում են ժպտալ անցորդներին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ