Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում բանաձև է ընդունվել, որը կոչ է անում Եվրամիության երկրներին և Եվրահանձնաժողովին անհապաղ դադարեցնել անդամակցության վերաբերյալ բանակցություններն Անկարայի հետ, եթե վերջինիս իշխանությունները պատշաճ փոփոխություններ չիրականացնեն սահմանադրության մեջ:
Բանաձևին կողմ է քվեարկել 477, դեմ՝ 64 պատգամավոր: Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ:
«Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին և անդամ-երկրներին, համաձայն բանակցությունների շրջանակի, անհապաղ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունները, եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթը իրականացվի առանց փոփոխությունների: Ընդգծում է, հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների հարցերով Վենետիկյան հանձնաժողովի դիտարկումները, Սահմանադրության համար առաջարկվող սկզբունքները չեն համապատասխանում իշխանության բաշխման հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին»,- ասվում է բանաձևի տեքստում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ