Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին մեզ տեղեկացրեց հենց պարոն Հովհաննիսյանը։ Պատճառը եղել է Aravot.am-ին տված «300 գրամ ծնվածին ո՞վ էր մարդ համարում, հիմա է, որ ՀՀ քաղաքացի են անվանում». Շիրակի առողջապահության վարչության պետ» վերնագրով հարցազրույցը։ Այն հունիսի 16-ին Արթիկի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» 800 գրամ քաշով նորածնի մահվան հանգամանքների մասին է։ Հովհաննես Հովհաննիսյանի հնչեցրած մտքերը բավական մեծ աղմուկ էին բարձրացրել։
Այս թեմայի շուրջ Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի միջև որոշակի տարաձայնություններ են ծագել, որն ավարտվել է վերջինիս՝ աշխատանքից ազատման դիմումով։ Մարզպետը դիտողություն է արել, վարչության պետն էլ որոշել է դիմում տալ ու հեռանալ։
Նկատենք, սակայն, որ Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մոտ 20 օրից, նա դառնում է 67 տարեկան, հետևաբար և ըստ «Քաղծառայության մասին» օրենքի՝ չի կարող շարունակել պաշտոնավարումը։
Նշենք նաև, որ պարոն Հովհաննիսյանը վերոհիշյալ հարցազրույցից անմիջապես հետո նորից պարզաբանում էր տվել այս թեմայի շուրջ՝ երեխայի ծնողներից ներողություն խնդրելով ու նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում շփոթմունք է եղել, ինքը սխալմամբ «300 գրամ» քաշի փոխարեն ասել է «800 գրամ» ու ստացվել է այնպես, որ 800 գրամ քաշով ծնված երեխային չի կարելի լիարժեք մարդ համարել։
Հիշեցնենք, որ Հառիճ գյուղի բնակիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը հարուստ կենսագրություն ունեցող անձ է, նա իր ողջ կյանքում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Նրան 2010 թվականին Շիրակի մարզպետարան էր հրավիրել այն ժամանակվա Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը։ Հովհաննես Հովհաննիսյանը սկսել է իր կարիերան որպես ՀՀ ներքին գործերի նախարարության կենտրոնական հիվանդանոցի վիրաբույժ, այնուհետ այս նույն գերատեսչությունում աշխատել որպես գլխավոր վիրաբույժ, դարձել ՀՀ ներքին գործերի նախարարության հոսպիտալի պետ, միաժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարության բուժծառայության վարչության պետ։ Եղել է նաև ՀՀ քրեակատարողական վարչության բժշկական ծառայության պետ, ՀՀ պաշտպանության նախարարության բանակի գլխավոր վիրաբույժ։ Իսկ 2010 թվականին, երբ Աշոտ Գիզիրյանը նրան բերեց Շիրակի մարզպետարան՝ վերջինս զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Իսկ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պարոն Հովհաննիսյանի թեկնածությունն էր առաջադրել Շիրակի մարզում, նրա ցուցապաստառը, որտեղ մարզպետարանի պաշտոնյան նկարվել էր սոցիալապես անապահով մի ընտանիքի հետ՝ թուրը ձեռքերին, թագը գլխներին, դարձել էր ամենաքննարկվողը։։
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի՝ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը պարզաբանումներ կներկայացնի ավելի ուշ, ցանկալի է այս թեմայի շուրջ լսել նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ