«Սասնա ծռերից» 18-ի գործով դատական նիստում մթնոլորտը քիչ առաջ լարվեց, քանի որ նիստերի դահլիճ մտած ոստիկանների թվում ամբաստանյալների պաշտպաններն ու ապակե պատնեշից այս կողմ գտնվող ակտիվիստները նկատեցին ոստիկանության փոխգնդապետ Ղազարյանին: Նրանց պնդմամբ՝ նրա հրամանով են նախորդ նիստերից մեկում ոստիկանները խոշտանգել ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանին եւ Արեգ Կյուրեղյանին:
«Նա հանցագործ է, որը խոշտանգել է ամբաստանյալներին, ի՞նչ իրավունք ունի այստեղ գտնվել»,-դժգոհեց փաստաբաններից Ինեսա Պետրոսյանը:
Փաստաբանները վիճում են դատավորի հետ, պնդում, որ նա չի ապահովում նիստերից հեռացված ամբաստանյալների եւ փաստաբանների ներկայությունը: «Դուք դատավարական կարգ եք խախտում, ամբաստանյալների թիվը պակաս է, հետեւաբար՝ ոստիկանների թիվն էլ պետք է պակասի»,-իր հերթին ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Դատավորն էլ պնդեց, որ ոստիկաններն ապահովում են դատավարության կողմերի անվտանգությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ