«Ես կողմ եմ, որ իշխանությունը ուժեղ լինի եւ դեմ եմ, որ իշխանությունը ականջալուր չի լինում ընդդիմությանը»,- այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա կասկածում է, որ այն, ինչ կառավարությունը ներկայացնում է իբրեւ կապիտալ ծախսեր, իրականում կապիտալ ծախս չեն, ներկայացնում են, իբրեւ կապիտալ:
Ըստ Բոստանջյանի, պարտքը վերակառուցեն, չվերակառուցեն, մեկ է, այն մնալու է պարտք. «Երբ մի բան մեր մոտ այնպես չի, ասում ենք՝ հարեւաններն են մեղավոր, փող չուղարկեցին, միջազգային շուկայի գները տատանվեցին: Այ մարդ, չե՞նք կարողանում այնպես անել, որ հեռու մնանք դրանցից, ինչո՞ւ համապատասխան պայմաններ չենք ստեղծում, որ մինիմալ ուշադրություն սեւեռենք այդ ինստիտուտների վրա»:
Վարդան Բոստանջյանը հեգնում է՝ վերաֆինանսավորման տոկոսը 6 տոկոս է, մենք ուրախանում ենք, ասում ենք՝ առաջ 10 տոկոս էր, հիմա՝ 6 տոկոս, բայց մենք պետություն ենք, չե՞նք կարող ստեղծել մատչելի ֆինանսավորման ինստիտուտներ:
Խոսելով բյուջեի ծախսերի մասին՝ Վարդան Բոստանջյանն ասաց. «Պետական սպառումը 3.8 տոկոս է եղել, մասնավոր սպառումը մոտ 1 տոկոս: Ի՞նչ է նշանակում աղքատ երկրում պետական սպառման այդպիսի հարաբերակցություն: Աղքատ երկիր ենք, տեսեք ինչքան ճոխ ենք ապրում, բայց ինչի՞ պիտի էսքան ճոխ ապրենք՝ էս մեքենաները, չգիտեմ ինչերը: Եկեք այնպես անենք, որ մեր երկրում հավասարաչափության ինստիտուտ ապահովենք»:
Բոստանջյանը կոչ արեց ողջամիտ սպառել՝ ՀՀԿ-ի կարգախոսն իրականացնելու համար՝ «առաջընթաց եւ անվտանգություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ