Քիչ առաջ «Սասնա ծռերից» 18-ի գործով նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել ամբաստանյալների պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի հանդեպ:
Ներկա փաստաբանները դժգոհեցին իրավիճակից՝ ասելով, որ փաստաբանների մի մասը ներկա չէ, ամբաստանյալները՝ եւս:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հիշեցրեց, որ նրանք հրաժարվել են զննություն անցնել, այդ պատճառով չեն եկել նիստի: «Կիսատ-պռատ վիճակ է, կարծես դատարանը պլան ունի արագ-արագ առաջ անցնելու՝ առանց մեզ գործում ներգրավելու»,-հայտարարեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Մենք հիմա դուրս ենք գալիս, պաշտպաններիս արգելում եմ առանց ինձ նիստերի մասնակցել»,-ասաց ամբաստանյալ Արամ Մանուկյանը: Նա եւս պահանջում է, որ նիստերից հեռացված մյուս ամբաստանյալների եւ փաստաբանների ներկայությունն ապահովվի:
Արամ Մանուկյանը հեռացավ նիստերի դահլիճից, նրան հետեւեց մյուս ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը՝ ասելով. «Արյուն թափած տղերքին ծեծում եք, սա դատ չի, խաղ ու պար ա»:
Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն իր հերթին հավելեց. «11 ամիս պաշտպանյալիս խոշտանգում են, իսկ դուք ոչինչ չեք ձեռնարկում»:
Նիստերի դահլիճը լքեց նաեւ ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը: Այսպիսով, դատական նիստերի դահլիճում մնացին յոթ փաստաբանները եւ ոչ մի ամբաստանյալ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերվելու համար երեք ամբաստանյալներին էլ սանկցիայի ենթարկեց՝ նիստերից հեռացում:
Դատական նիստը կրկին ընդմիջվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ