Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր Երեւանում ընթացող ԵԱՏՄ-ին անդամակցության 2 տարիների ամփոփման մասին քննարկման ժամանակ ասաց, որ այդ միությանն անդամակցելուց հետո որեւէ բացասական բան դեռ չի տեսել:
Կարայանն էլ, ինչպես մշտապես շեշտում են հայ պաշտոնյաները ԵԱՏՄ-ին անդամակցելու առավելությունները, նշեց 180 միլիոնանոց շուկան:
Ըստ Կարայանի, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ ճիշտ ճանապարհի վրա է:
Ըստ նախարարի, կա ներդրումային ակտիվություն, եւ պարբերաբար կառավարությունում ներդրումային ծրագրերի հաստատումն ու արտոնությունների տրամադրումը փաստում է այն մասին, որ ներդրողներն ավելի են շահագրգռված Հայաստանում ներդրումներ անելու հարցում, քանի որ Հայաստանում ներդրումներ անելով, գործարարը մուտք ունի 180 միլիոնանոց շուկա:
Ըստ Կարայանի՝ «Միանալով ԵԱՏՄ-ին՝ մենք կարող ենք էներգակիրներ ներմուծել Հայաստան՝ առանց արտահանման մաքսատուրքերի, ինչը նշանակում է, որ ՀՀ ներկրվող գազը եւ այլ էներգակիրներ արտահանման մաքսատուրքերով չեն հարկվի եւ դրա պատճառով դրանց գինը չի բարձրանա Հայաստանում»:
Լրագրողների հետ զրույցում նախարարը ԵԱՏՄ-ին անդամակցելու դրական կողմերից մեկն էլ նշեց միգրացիոն քաղաքականությունը, որն, ըստ նախարարի, հնարավորություն է տալիս, որպեսզի մենք Հայաստանից ԵԱՏՄ արտահանենք ծառայություններ:
Կարայանը եւս մեկ անգամ պնդեց՝ «Եթե մենք չանդամակցեինք Եվրասիական տնտեսական միությանը, ապա ավելի մեծ տնտեսական խնդիրներ կառաջանային, քան հիմա»:
Հարցին՝ ինչո՞ւ է այս տարվա ապրիլին Հայաստանի առեւտուրը ԵԱՏՄ երկրների հետ անկում ունեցել, Կարայանը պատասխանեց՝ «Ես կարող եմ վստահաբար նշել՝ այս տարվա հինգ ամիսներին Հայաստանի արտահանումը Եվրասիական տնտեսական շուկա ևս 25 տոկոսով աճել է՝ նախորդ տարվա 51 տոկոսանոց աճի վրա»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ