Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղի արդեն նախկին դպրոցի մուտքը գտնել փոքր-ինչ դժվար է: Առատ բուսականությունը ճանապարհդ խեղդում է դեռ դարպասի մոտից: Այսպես է արդեն 1 տարի 2 ամիս՝ այն պահից, երբ ադրբեջանական զինուժը նախաձեռնեց ապրիլյան ռազմական գործողությունները՝ հրետակոծելով նաեւ Թալիշը: Դպրոցի շենքն ամենատուժած շինություններից է:
Երկու օր է՝ Ադրբեջանը շեփորահարում է իր քաղաքացիական բնակչության շրջանում երկու զոհի, հատկապես՝ երկամյա երեխայի զոհվելու փաստը՝ փոքրիկի անշնչացած մարմնի լուսանկարը թափահարելով միջազգային ամբիոններում եւ ցույց տալով հայերի «ագրեսիան»: Մինչդեռ, ինչպես փաստվել էր, ադրբեջանական զինուժը հուլիսի 4-ի երեկոյան հերթական անգամ կենդանի վահան դարձրեց սեփական բնակչությանը՝ կրակակետերը տեղակայելով սահմանամերձ բնակավայրում:
Երեխայի մահը (հայկական կողմը ոչնչացրել էր ադրբեջանական բնակավայրում տեղադրված այն ռազմական օբյեկտը, որից կրակ էին բացում հայկական դիրքերի վրա. զոհվել են տատիկը եւ նրա թոռնուհին) հայկական կողմի վրա բարդող եւ ռազմական հանցագործություններով հայտնի ադրբեջանական զինուժի կողմից 2016թ. ապրիլին ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվեց 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվեցին:
Դպրոցի ավերված շենքն այսօր շահագործման ենթակա չէ, այն թշնամու նշանառության տակ է: Ներսում գրեթե ամեն քայլիդ տակ ապակու կտորտանքներ են «ձայնում», իսկ որոշ դասասենյակներ (այդ բառը տվյալ դեպքում դժվար է արտաբերել) կարծես պտտահողմ այցելած լինի…
Ոտքով հրում ես ավերված դասարանի հատակին ընկած «Գրադ»-ի արկի բեկորներն ու աչքիդ առաջ է գալիս փրկված աշակերտների կարգախոսը՝ «հայրենիքը սկսվում է Թալիշից»…
Ի դեպ, Թալիշը շուտով նոր դպրոց կունենա:
(Լուսանկարներն արվել են մեկ ամիս առաջ՝ Թալիշ կատարած այցի ժամանակ)
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ