«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի կանխատեսմամբ՝ աղմուկ շատ կլինի, սակայն չի կարծում, որ Ադրբեջանը որևէ այլ գործողությունների կգնա:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի կրակահերթերի լռեցումը հայկական կողմից համարում է միանգամայն ճիշտ, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանը կշարունակի նույն ոգով: Պարոն Պապյանն այս առիթով փաստեց. «Տեղակայելով իր հրետանին բնակչության մոտ՝ Ադրբեջանը խախտում է մի շարք միջազգային պարտավորություններ՝ Ժնևի՝ 1949 թվականի 4-րդ կոնվենցիայի 28-րդ հոդվածը, նույն կոնվենցիայի 1977 թվականի առաջին արձանագրությունը, միջազգային քրեական դատարանի հոդված 8, 2 և այլ ենթակետեր: Եթե կողմերից մեկը խախտում է այս պարտավորությունները, բնականաբար, դրանով իսկ դարձնում է այդ բնակավայրերը քաղաքացիական անձանց թիրախ: Միջազգային քրեական դատարանը համարում է, որ բնակավայրերին մոտ, պաշտպանված անձին մոտ կրակետերի տեղակայումը քրեական պատերազմական հանցանք է: Մերոնք սրա վրա պիտի շեշտը դնեն»:
Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի՝ հայկական կողմը չպետք է վարանի, որպեսզի Ադրբեջանի մտքով անգամ չանցնի, որ կարող է իր քայլերով մեզ զսպել:
Պարոն Պապյանը, իհարկե, չցանկացավ օրինակներ բերել, բայց հիշեցրեց, որ ապրիլին հայկական կողմն էլ ուներ մանկահասակ երեխայի կորուստ՝ 11 տարեկան դպրոցական, մինչդեռ չէր վարվում Ադրբեջանի պես:
Ըստ Արա Պապյանի՝ Ադրբեջանը կշարունակի լարվածությունն ուժեղացնելու քաղաքականությունը, քանի որ դրանով Ալիևը մի շարք խնդիրներ է լուծում, օրինակ՝ ներքին լարվածությունից ուշադրություն շեղելու դեպի արտաքին թշնամի, իսկ Ղարաբաղի հարցն այստեղ լավ պատրվակ է:
Դառնալով եռանախագահների հայտարարությանը՝ պարոն Պապյանն արձանագրեց, որ այն հասցեական չէր և այդպիսին չի էլ կարելի սպասել, քանի որ համանախագահների տրամաբանությունն այն է, որ եթե մի կողմին մեղադրենք, ապա նա դուրս կգա բանակցային գործընթացից:
Արա Պապյանին մտահոգում է մեր ալարկոտ դիվանագիտությունը. «Ադրբեջանն աղմուկ է բարձրացնում, իսկ մեզ մոտ մի տեսակ ալարկոտ դիվանագիտություն է, մտածում են՝ դե հիմա ինչ անենք, եղել է, եղել: Ըստ էության պաշտոնական հակամարտությունից դուրս է գտնվում ՀՀ Տավուշի մարզը, բայց անգամ այդտեղ քանի-քանի դեպքեր են եղել խաղաղ բնակչության գնդակոծման, սակայն ոչ մի համարժեք հայտարարություն: Այնինչ մենք անընդհատ պիտի բողոքենք նման երևույթների համար»:
Պարոն Պապյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ռազմավարությունը մարդկային վահանի կիրառումն է, ինչն անում է ԴԱԻՇ-ը: Սակայն ըստ արտակարգ և լիազոր դեսպանի՝ այլ հարց է, թե մերոնք այդ փաստը ոնց կօգտագործեն. «Բուլղարական փաստաթղթերի ի հայտ գալը, համաձայն որոնց Ադրբեջանն իսլամիստական ահաբեկչական խմբերի է զենք մատակարարել, վկայում է այն մասին, որ համագործակցություն կա: Այլ հարց է, թե տեսնենք մերոնք կարո՞ղ են այդ փաստը լավ օգտագործել: Զենք են մատակարարել, այդ թվում նաև դիվանագիտական թռիչքներով, որը ենթակա չէ զննման: Այդ փաստը մի քանի օր է կա, բայց որևէ հայտարարություն հայկական կողմից չենք տեսել: Պիտի լինի ՀՀ նախագահի խոսնակի արձագանք, ԱԳ նախարարությունից: Բայց մենք ունենք ՀՀ նախագահի չխոսնակ խոսնակ: ԱԳ նախարարությունն էլ հանել է ճեպազրույցների ավանդույթը»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները, լավ հասկանալով, որ հայկական կողմը լռեցնում է իրենց կրակահերթերը, ամեն ինչ արեցին այնպես, որ աղմուկը հնարավորինս շատ լինի. «Կրակ են բացել մեր դիրքերի ուղղությամբ խաղաղ բնակավայրերից, և պատասխան կրակի դեպքում հնարավոր չէր լինի խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից ու կորուստներից: Սա Ալիևն անում է նպատակաուղղված, որ ահաբեկչության հետ իրենց կապերը շատ չերևան»:
Պարոն Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ Մինսկի խմբի հայտարարությունը ցույց է տալիս, որ հստակ դատապարտում չկա խաղաղ բնակչության՝ որպես վահան օգտագործելու համար, չկա դատապարտում սահմանում իրավիճակը սրելու հետ կապված, ուստի սա նշանակում է, որ առաջիկայում անվտանգության խնդիրների վերաբերյալ ցանկացած հարց մնում է հայկական զինված ուժերի ուսերին:
Դառնալով Ալխան գյուղում սպանված 2 տարեկան երեխայի դին Ադրբեջանի կողմից ցուցադրելու փաստին՝ քաղաքագետն ասաց. «Երեխայի դին ցուցադրելով՝ իրենց հասարակության շրջանում մեծ թշնամություն են սերմանում հայերի նկատմամբ և նաև նպաստում պատասխան ռևանշիստական քայլերի դիմելու՝ հանրային պահանջի աճին: Բայց սրանով հանդերձ Ադրբեջանը լայն պատերազմ սկսելու և հաջողության հասնելու ռեսուրս չունի: Կսահմանափակվեն նման լոկալ բախումներով»:
Ըստ պարոն Մելիք-Շահնազարյանի՝ Ադրբեջանի կողմից ուռճացված աղմուկ էր նաև այն, որ Ադրբեջանից հայտարարում են, թե ցույցեր են կազմակերպվում տարբեր երկրներում հայկական դեսպանատների առաջ: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում ընդամենը մեկ ընտանիք է գնացել այդ ցույցին, Ուկրաինայում ցույցը տապալվել է:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ Ադրբեջանի զինված ուժերը կշարունակեն թաքնվել խաղաղ բնակչության հետևում, բայց նաև վստահ է, որ մեր պատասխանը նույնքան հետևողական ու վստահ է լինելու. «Խաղաղ բնակչությանը շահարկելու՝ Ադրբեջանի մոլուցքը մենք տեսել ենք: Ապրիլին մենք նույնպես մանկահասակ երեխայի զոհ ենք ունեցել, երբեք հայկական կողմը դիակը չի նկարել ու չի դարձրել շահարկումների առարկա: Չէի ասի, թե դա սխալ է: Այն համոզմանն եմ, որ մենք իրենց երբեք չենք հասկանա, իրենք՝ մեզ: Դրանք տարբեր արժեհամակարգ են. նրանք կացնով սպա սպանողին կարող են հերոսացնել, մեզ մոտ՝ ոչ. հասարակությունը թույլ չի տա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ