Հուլիսի 6-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը եւ Բրիտանական խորհրդի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը ներկայացրին փառատոնի շրջանակում կայանալիք Play UK բրիտանական կինոյի շաբաթը:
Սուսաննա Հարությունյանը նշեց, որ փառատոնի առաջին տարիներից սկսած՝ շարունակվում է համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ, իսկ այս տարի այն ավելի խորացել եւ ընդլայնվել է: «Ոսկե ծիրանի» շրջանակում կցուցադրվի վերջին տարիների բրիտանական վավերագրական ֆիլմերի ընտրանի եւ օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնի երեք ֆիլմ: Ֆիլմերը կցուցադրվեն ոչ միայն կինոթատրոններում, այլեւ բացօթյա տարածքներում, մասնավորապես՝ Սիրահարների այգում եւ Ազատության հրապարակում:
Իմիջիայլոց, Հյու Հադսոնը նախագահում է նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ժյուրին: Նա նաեւ հանդիպում-քննարկում կանցկացնի փառատոնի շրջանակներում:
Արեւիկ Սարիբեկյանի ձեւակերպմամբ՝ «Ոսկե ծիրանը» գեղեցիկ մշակութային այցեքարտ է Հայաստանի համար:
Ինչ վերաբերում է փառատոնի շրջանակում կայանալիք բրիտանական ֆիլմերի շաբաթին, այն կբացվի Հյու Հադսոնի օսկարակիր «Հրե անվանակառքեր» ֆիլմով: Տիկին Սարիբեկյանը հավելեց, որ փառատոնի օրերին Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստանում կլինի նաեւ փորձագետ Մերիլին Միլգրոմը: Նա եռօրյա դասընթացներ կվարի, որի ընթացքում կներկայացնի միջազգային շուկայում ֆիլմ վաճառելու հմտություններ: Հավելենք, որ Մերիլին Միլգրոմը 2012-ից աշխատում է Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի հիմնադրամում որպես բեմագիր խորհրդատու: Նա ներգրավված է եղել մի շարք հայտնի ռեժիսորների ֆիլմերի ստեղծման աշխատանքներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ