Այսօր խորհրդարանում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը խոստացավ, որ իրենց մյուս հաշվետվությունը որակապես ուրիշ կլինի:
Անդրադառնալով իրենց բացահայտումներին, ՎՊ նախագահը նշեց, որ 21 ծրագիր ավելի քան 13 մլրդ դրամ ընդհանուր ծավալով չի կատարվել, դրանցով վճարումներ չեն կատարվել: Պետբյուջեով հաստատված 7 ծրագիր՝ 211 մլն դրամ գումարով զրոյացվել է: 35 ծրագրի մասով ծախսերը գերակատարվել են, ծախսերն ավելացել են 52 մլրդ դրամով: 35 ծրագրի կատարողականը կազմել է 50 տոկոսից ցածր, փաստացի ծրագրվածից շեղվել են 17.8 մլրդ դրամով:
Կատարողականը 11 բաժիններից 9-ում չի ապահովել նախատեսված ցուցանիշների մակարդակը, ամենացածր կատարողականը ապահովել են բնակարանային շինության եւ կոմունալ ծառայությունների բաժնում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց Հյուսիս-Հարավ մայրուղու շինաշխատանքների մասին: Նա հարցրեց՝ այն հատվածները, որոնք շահագործման են հանձնվել, արդյոք որակական չափանիշներին համապատասխանո՞ւմ են եւ ծառայելո՞ւ են մեզ այնքան ժամանակ, ինչքան նախատեսված է նորմատիվներով, հաջորդ տարի կարո՞ղ ենք տեսնել, որ նորից քանդել են, ինչ-որ բան ավելացրել են, մեկ էլ ասեն, որ խճաքարը այնքան չի, ինչքան պետք է: Շահագործման հատվածների մասին ի՞նչ կարող եք ասել, առաջիկայում մենք ունե՞նք ռիսկեր, որ փոքրիկ ճանապարհային ճգնաժամեր չենք ունենա:
Յոլյանն ասաց, որ ՎՊ-ն այդ դաշտում վերահսկողություն չի իրականացրել եւ չի պլանավորել իրականացնել նաեւ 2017-ին: Յոլյանը խոստացավ, որ ռիսկերը կգնահատեն, նոր կպատասխանեն:
Փաշինյանը հարցրեց՝ նախկինում որ վերահսկել եք, այդ վերահսկողության արդյունքները ի՞նչ են եղել, երաշխիքնե՞ր են ստեղծվել: Յոլյանը պատասխանեց, որ ինքը արդեն սպառիչ պատասխանել է, կիսել մտահոգությունը եւ խոստացել, որ կփորձեն խորությամբ ուսումնասիրել եւ ծրագրում ընդգրկել այդ թեման:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ