Հարցազրույց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւի հետ
– Պարոն Արեշեւ, ադրբեջանական զինուժն Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ, այդպիսով՝ հայկական կողմին կոպտորեն պարտադրելով պատասխան քայլեր իրականացնել, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Իրադրության սրացումը տեղի է ունեցել Ավստրիայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաշեմին։ Ձեր կարծիքով՝ կկայանա՞ արդյոք այդ հանդիպումը, և ի՞նչ օրակարգ այն կունենա։
– Ինչպես գիտենք, դա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բոլորովին էլ առաջին հանդիպումը չէ, որի նախօրեին նման ձևով սրվում է իրադրությունը։ Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև առերևույթ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն, ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է և միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, Ղարաբաղյան կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը։
Իսկ Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջընթացի հարցում այն անհեռանկարային է, և շատ ցավալի է, որ Բաքվում մինչ օրս ոչ բոլորն են դա ընկալել ու խաղում են խաղաղ բնակիչների, առաջին հերթին՝ սեփական քաղաքացիների կյանքի հետ։
– Այո, Ադրբեջանն իր զինուժը տեղակայում է բնակավայրերում՝ քաղաքացիական բնակչությանն օգտագործելով՝ որպես կենդանի վահան։
– Դա սեփական ժողովրդի նկատմամբ Բաքվի իշխանությունների վերաբերմունքի լավագույն ապացույցն է։ Ցավոք, ոչ միայն նրանք են, որ հետխորհրդային հակամարտություններում այդպիսի ռազմավարություն են որդեգրել։ Եվ, ցավոք, խաղաղ բնակիչները վճարում են քաղաքական գործիչների արկածախնդրության համար։ Դա արդեն ավանդույթ է դարձել և, ըստ ամենայնի, շուտ չի ավարտվի։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում