Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ԵՏՄ-ում փաստաթուղթ է ստորագրել, որ մինչեւ 2025-ը ռուբլու գոտու թեման փակեն (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 12:59

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ի վերջո, ինչպիսի՞ ազդեցություն է գործել մեր տնտեսության վրա: Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս հարցը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ուղղեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին: Նա նաեւ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է ԵՏՄ-ում միասնական դրամական միավոր լինի, օրինակ, ռուբլու գոտի եւ Հայաստանը միանա դրան:

Նա պատասխանեց. «Դրա մասին շատ խոսակցություններ են եղել, բայց այս պահին մեր գործընկերների հետ միանշանակ մոտեցում ունենք, 5 անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ  որոշում ենք ընդունել, որ մինչեւ 2025 թիվը ընդհանրապես չենք խոսելու, չենք քննարկելու այդ հարցը: 2025-ից հետո, այն իրավիճակում, որ կգտնվեն ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունները, աշխարհաքաղաքական իրավիճակը, նոր կարող ենք սկսել քննարկել այդ արժույթի մասին: Այս պահին ոչ թե մենք պատրաստ չենք,այլ մոտ ապագայում՝ 15-20 տարվա կտրվածքով դրա մասին խոսք լինել չի կարող: Մեր՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այս պահին շատ կոշտ է»:

Ջավադյանն ասաց, որ վկա լինելով ԵՄ-ի միասնական արժույթի դրական եւ բացասական կողմերը, ահագին դասեր ենք քաղել եւ բոլոր երկրներն էլ ուզում են զերծ մնան դրանից. «Մենք նույնիսկ փաստաթուղթ ենք ստորագրել, որ 2025 թիվը մինչեւ այդ խոսակցությունները պետք է չլինի»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի ազդեցությանը մեր տնտեսության վրա՝ Ջավադյանն ասաց. «Օրինակ, ո՞նց չի ազդել ՀՀ-ի վրա, եթե ՌԴ-ի քաղաքացիները հնարավորություն ունեն ռուսական անձնագրով այցելել Հայաստան»:

Նա նաեւ նշեց, որ միասնական մաքսատուրքերի մասով էլ դրական արդյունքներ ենք ունեցել:

Փաշինյանը հակադարձեց, որ նախորդ տարի բյուջեի թերակատարումը հենց այդ միասնական մաքսատուրքի արդյունքում է եղել, այնպես որ, այս տարվա արդյունքները կամփոփվեն, կերեւա, թե ինչքանով է օգուտ եղել:

Ջավադյանը պատասխանեց, որ նախորդ տարի սպասվածից քիչ է եղել օգուտը մաքսատուրքից, բայց որ օգուտ եղել է՝ միանշանակ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31