Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյանը չի տեսել, որ պաշտոնյաները Հայաստանում հարստանում են (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 12:56

Այն, որ Հայաստանն անցած տարին փակել է 0-ից բարձր տնտեսական աճով, նաեւ ԿԲ-ի շնորհիվ է: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Հիշեցնենք, անցած տարին ՀՀ-ն փակեց 0,2 տոկոս տնտեսական աճով: Աճի այդ տեմպը ԿԲ նախագահը բացատրում է հումքային ապրանքների գների և տրանսֆերտների կտրուկ նվազմամբ: Իսկ աճի գրանցման գործում ԿԲ-ի դերակատարումն այսպես է մեկնաբանում`2014թ-ից հետո Կենտրոնական բանկը 12 անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը`հավելելով, որ ցանկացած տնտեսություն կախված է միջազգային, աշխարհաքաղաքական, հարևան երկրներում իրավիճակից, կախված է իր անդամակցած միությունների մաս կազմող երկրներից եւ այլն:

Հարցին`մինչև 2040 թ-ը Սերժ Սարգսյանի պահանջած 5% տնտեսական աճին հնարավո՞ր է հասնել, Աշոտ Ջավադյանն ասաց, որ խելամիտ քաղաքականության դեպքում ամեն ինչի կարելի է հասնել, պետք է մի քիչ ամբիցիոզ լինել, իսկ 5%-ն այսօր աշխարհի մակարդակով բավականին լուրջ ցուցանիշ է:

Իսկ բնակչության կենսամակարդակի վրա դա կազդի՞: ԿԲ նախագահի պատասխանն այսպիսին է. «Եթե նոր աշխատատեղ է ստեղծվում` իհարկե, եթե մարդկանց եկամուտներն ավելանում են` իհարկե, եթե աղքատությունը կրճատվում է` իհարկե, ուրեմն մարդկանց վիճակը բարելավվում է»:

Այլ մանրամասները` տեսանյութում

ԿԲ նախագահը հավաստիացնում է`ՀՀ-ն մշտապես վարել է ամբիցիոզ, հավասարակշռված քաղաքականություն եւ դա է պատճառը, որ ԱՊՀ երկրների համեմատ գտնվում է բավականին լավ վիճակում. «Մեր հետ համադրելի է միայն Վրաստանը: Մեր հետ համադրելի չեն ոչ Ռուսաստանը, ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը, ոչ Կիրգիզիան, ոչ Ադրբեջանը, ոչ Մոլդովան, ոչ Ուկրաինան»:

Հարցին`եթե երկրում վիճակը լավ է, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից, ԿԲ նախագահը հակադարձեց. «Մարդիկ գնում են բոլոր երկրներից: Մարդիկ արտագաղթում են անգամ Լեհաստանից, Ֆրանսիայից և այլն»:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, որ ՀՀ-ից մարդիկ արտագաղթում են արդարության բացակայության պատճառով:

Դիտարկմանն էլ, որ Հայաստանում միայն պաշտոնյաներն են հարստանում, ԿԲ նախագահը հակադարձեց. «Ես չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են Հայաստանում, ինձ թվում է` ամեն ինչ թափանցիկ է»: Պաշտոնյաների դղյակների մասին հարցերն էլ խորհուրդ տվեց ուղղել դղյակատերերին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31