Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերից» 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալների պաշտպանները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:
Դատախազները դրա դեմ առարկեցին, ինչից հետո պաշտպաններից Գրիշա Բալասանյանը դատավորին հանձնեց տեսասկավառակ, թե ինչպես են նախորդ նիստում դատախազներից երկուսը դատավորի համար նախատեսված մուտքով բարձրանում վերջինիս աշխատասենյակ, մինչդեռ այդ մուտքը նախատեսված է միայն դատարանի աշխատակիցների համար, կողմնակի անձանց մուտքն արգելվում է:
«Այն ժամանակ, երբ դուք խորհրդակցական սենյակում եք, ենթադրաբար, դատախազները մտնում են ձեր մոտ: Դուք որոշումներ կայացնել չեք կարող, ձեր փոխարեն դատախազներն են որոշում կայացնում»,-հայտարարեց Գրիշա Բալասանյանը:
Ապա հավելեց. «Դուք միշտ ասում եք, որ պաշտպանները վերջում պետք է խոսեն: Կարծում եմ՝ այսօր Ձեր վերջին նիստն է»:
Այս խոսքերը «Սասնա ծռերի»՝ նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմն գտնվող հարազատներն ու համակիրները ծափերով ողջունեցին:
Մեկը մյուսի հետեւից բոլոր պաշտպանները դատավորին մեղադրեցին կողմնակալության մեջ՝ պնդելով, որ նա ինքը պետք է բացարկ հայտներ ու չսպասեր փաստաբանների մեղադրանքներին:
Պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ ասաց՝ քանի դեռ իր պաշտպանյալները վեց ժամով հեռացված են նիստերի դահլիճից, ինքը ներկա չի լինի, քանի որ պաշտպանյալները զրկված են դիրքորոշում հայտնելու իրավունքից:
Սահակյանը, ապա փաստաբան Երվանդ Վարոսյանը նույն պատճառաբանությամբ դուրս եկան եւ նստեցին ապակե պատնեշից այս կողմ: Այս քայլը եւս քաղաքացիները ծափերով ողջունեցին:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց՝ ամբաստանյալները, բացառությամբ երեքի, իրենք են իրենց զրկել նիստերին ներկա լինելու իրավունքից՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելով եւ այդ կերպ անհարգալից լինելով դատարանի հանդեպ:
Դատավորը հայտարարեց երկժամյա ընդմիջում՝ իր բացարկի միջնորդությունը քննելու համար:
Մանրամասն` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Սասնա ծռեր»ի դատավարությունը հայաստանյան ներկա բռնապետության խայտառակ էջերից մեկն է:Խոնարհվում եմ հերոսների առջեւ: