Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը պաշտպանելու է Բակո Սահակյանի թեկնածությունը. «Ապառաժ»

Հուլիս 06,2017 12:37

«Ապառաժ». Դաշնակցությունը պաշտպանելու է Բակո Սահակյանի թեկնածությունը: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան փոխանցեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

«Անցած մեկ շաբաթվա ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցում բավականին խորը և բազմաբնույթ քննարկումներ են տեղի ունեցել: Քննարկումները եղել են իրական և կառուցողական: Ի դեպ, միանշանակ չէր Դաշնակցության մեջ տիրող մթնոլորտը ԱՀ նախագահի թեկնածության շուրջ: Ինչպես միշտ Դաշնակցությունն առաջնորդվել է մեծամասնության կարծիքով և մեր վերջնական որոշումը Բակո Սահակյանի թեկնածության առաջադրումն է»,- պարզաբանեց Դավիթ Իշխանյանը և ավելացրեց, որ վերջին երկու նախագահական ընտրություններում՝ 2007թ. և 2012թ. ՀՅԴ Արցախի կառույցը պաշտպանել է Բակո Սահակյանի թեկնածությունը: Թե 2007-ին, և թե 2012-ին հրապարակվել են այն սկզբունքները, ինչի հիման վրա նման որոշումներ են կայացվել, հետևաբար տրամաբանական կլինի, որ անցումային փուլում ևս նույն ընթացքը շարունակվի:

«Ընդհանրապես անցումային փուլի նախագահը լինում է կամ գործող և իր ժամանակաշրջանն ավարտող նախագահ, որ շարունակում է իր տրամաբանական ավարտին հասցվելու որդեգրված քաղաքականությունը կամ էլ այն թեկնածուն, ով նախապատրաստվել է ապագայում պաշտոնավարել որպես համաժողովրդական ընտրությամբ ընտրված նախագահ: Այդ իսկ առումով ավելի տրամաբանական է Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրել և առաջիկա երկուս ու կես տարիներին նրան վստահել երկրի նախագահի պարտականությունները: Մասնավորապես նկատի պետք է ունենալ այն հանգամանքը, որ գործող նախագահի պաշտոնավարության վերջին շրջանում սահմանադրական փոփոխություններ են կատարվել: Թեև ՀՅԴ-ն դեմ է եղել նոր սահմանադրությանը, սակայն այն իրողություն է և դրա լիարժեք կիրառումը և օրենսդրական դաշտի համապատասխանեցումը, ասել է թե, անցումային դրույթների իրականացումը, մնում է այն իշխանության վրա, որի օրոք այն ընդունվել է»,- հավելեց Դավիթ Իշխանյանը:

Այն հարցին, թե կան կարծիքներ, որ Բակո Սահակյանն առաջադրվելով շարունակելու է պաշտոնավարել նաև 2020թ.-ից հետո, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը շեշտեց, որ Դաշնակցության համար կարևոր են ժողովրդավարական սկզբունքները և դրանցով առաջնորդվելը: Իսկ 2020թ. և դրան հաջորդող ժամանակահատվածի նախագահի ընտրության հարցը պետք է դիտարկել ժողովրդավարական սկզբունքների կոնտեքստում և բոլոր քայլերը կատարել հենց այդ դիտանկյունից: «Մենք հույս ունենք, որ 2020թ. հենց այդ մտայնությամբ կառաջնորդվեն նաև մյուս քաղաքական ուժերը, ինչպես նաև այն թեկնածուները, ովքեր կարող են լինել այս կամ այն քաղաքական ուժի թեկնածուն»,- եզրափակեց Դավիթ Իշխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31