Երևանի քաղաքապետի որոշմամբ 2017 թվականի հուլիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել է «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը՝ մինչև հետագա կարգավիճակի հստակեցումը։
Որոշման համար հիմք է հանդիսացել կատարված ուսումնասիրության արդյունքները, որը վեր է հանել որոշակի խնդիրներ ու հակասություններ է առաջացրել կազմակերպության կանոնադրական առաքելության, այն է՝ դպրոցականների արտադպրոցական մշակութային ուսուցման ու դաստիարակության իրականացման և փաստացի գործունեության միջև։ Միաժամանակ ընտրվել է ամառային ժամանակահատվածը, որպեսզի այն որևէ կերպ չազդի արտադպրոցական ուսուցման գործունեության ծավալմանը։ Ուսումնասիրության արդյունքում վեր հանված խնդիրները առնչվում են ինչպես խմբակներ հաճախողների տարիքային սանդղակին, այնպես էլ խմբակների ուղղվածությանն ու դրանց գործունեության նպատակահարմարությանը։
Արձանագրվել է նաև, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակները չեն համապատասխանում կազմակերպության անվանման հետ և նրա ներկայիս գործունեությունն ըստ էության որևէ առնչություն չունի գիտական ուղղվածության հետ:
Անկախ կազմակերպության հետագա կարգավիճակից ակներև է, որ այն խմբակներն ու մասնագետները, որոնք գործում են արտադպրոցական դաստիարակության չափորոշիչներին և սկզբունքներին համապատասխան, կազմակերպաիրավական որևէ ձևաչափում կշարունակեն իրենց գործունեությունը։
Ներկայումս Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումները քննարկում են կազմակերպության հետագա կարգավիճակի հստակեցման խնդիրները և մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկ այն կստանա իր իրավական լուծումը։
Ռուբեն Հովհաննիսյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
մշակույթի վարչության պետ