Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների
վարչությունը թույլատրել էր «Առավոտի» լրագրողին հանդիպել «Հրազդան»
քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Աշոտ Հակոբյանի հետ:
11 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հակոբյանը 7 տարուց ավելի է, ինչ գտնվում է ազատազրկման վայրում: Նա 2010 թվականի օգոստոսի 2-ից հոկտեմբերի 10-ը գտնվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ապա «Նուբարաշենի» մեկուսարանում, իսկ 2012 թվականի հոկտեմբերի 10-ից՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Նշեմ, որ «Հրազդանում» այս պահին կան երկու հարյուրից ավելի ազատազրկվածներ: Քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ժամանակահատվածում Ա.Հակոբյանը երկու տարի առաջ պլանային վիրահատության է ենթարկվել՝ աճուկային ճողվածք ախտորոշմամբ, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ վիրահատվել է: 60-ամյա նախկին տանկիստը, մարզիկն իր մարզավիճակը չի կորցրել, ամենօրյա մարզումներ է կատարում քրեակատարողական հիմնարկի մարզադահլիճում: Այս օգոստոսի 10-ին կքննարկվի նրա վաղաժամկետ պայմանական ազատման հարցը: «Առավոտի» հետ երեկվա հանդիպման ժամանակ նա այս կապակցությամբ ասաց, թե չունի որեւէ կարգապահական տույժ, նկատողություն, իսկ հարցին էլ, թե իր քրեական գործով կա՞ն տուժողներ, պատասխանեց. «իրական տուժողը ես եմ» եւ ցույց տվեց նկարում պատկերված փաստաթուղթը, որը տրվել էր դատական դեպարտամենտի կողմից:
Աշոտն ասում է, թե մարդասպանության համար ավելի քիչ են դատում, քան իր՝ «փողերի լվացման» գործերով: Նա ասում է, որ ունի «հաղթած դատեր», մասնավորապես՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 25.06.2009 թվականի «Խաչվառ» ՍՊ ընկերության՝ «Ռոլֆերմեր» ՍՊ ընկերության դեմ գործով:
Ա.Հակոբյանի ընկերության եւ «Ռոլֆերմեր» ՍՊ ընկերության միջեւ 29.10.2007 թվականին կնքվել է արտադրանքի մատակարարման պայմանագիր: «Ռոլֆերմեր» ՍՊԸ-ն մատակարար էր եւ պարտավորվել էր գնորդ «Խաչվառին» մատակարարել 4000 գծամետր մետաղական խողովակ` կանխավճարը մուծելուց հետո։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 79 200 000 ՀՀ դրամ։
Հայցվորը վճարել է կանխավճարը, սակայն պատասխանող ընկերությունը պայմանագրով սահմանված ժամկետում չէր կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետեւանքով պարտավոր է վերադարձնել թե կանխավճարը, թե տույժը: «Դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաեւ, որ կողմերի միջեւ կնքված պայմանագրի 5.2. կետով նախատեսված է պատասխանողի` կանխավճարը ետ վերադարձնելու պարտավորությունը, որպիսի պարտականությունը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի պահանջների, «Ռոլֆերմեր» ՍՊԸ-ն չի կատարել»,-արձանագրել էր դատարանը եւ վճռել «Խաչվառ» ընկերության հայցը բավարարել, «Ռոլֆերմեր» ՍՊ ընկերությունից հօգուտ «Խաչվառ» ՍՊ ընկերության բռնագանձել 35.000.000 ՀՀ դրամ։
Աշոտ Հակոբյանը քրեակատարողական հիմնարկից քանիցս նամակներ է ուղարկել Ազգային ժողովի խմբակցություններին, ԱԱԾ պետին, իրավապահ մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազին, հատուկ քննչական ծառայությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն որեւէ մեկին չի հուզում այն հարցը, թե ինչու, օրինակ, նրա գործով կա ութ տարի առաջ կասեցված գործ, որը ողջամիտ ժամկետում չի «բացվում», ինչի արդյունքում է կասեցվել այդ գործը, թե ինչու նրա գործով 7,5 տարի առաջ «սպանվածը» մեկ էլ պարզվում է, որ անցյալ տարի այլ հանրապետությունից բերվում է Գեղարքունիքի մարզ ու հուղարկավորվում:
Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին միայն մեկը արձագանքեց Աշոտի բաց նամակին, որի մասին տեղեկացրել էինք «Առավոտում». «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ էր այցելել Կենտրոնի քննչական բաժանմունքի քննիչ Լեւոն Կարապետյանը:
Փողերի լվացման գործով երկարատեւ ազատազրկման դատապարտվածն ասում է. «Իրականում 60 միլիոն ՀՀ դրամ կաշառք տալուց հրաժարվելու համար եմ դատապարտվել, նաեւ մի հրաշք ընտանիքի պատիվը պահելու համար»:
«Խաչվառ» ՍՊԸ տնօրենի հետ դատարանում ամբաստանյալի աթոռին էր նաեւ ազգությամբ հրեա, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, «Շենգավիթ-Ա» ՍՊԸ բաժնետեր եւ տնօրեն, 3-րդ խմբի հաշմանդամ Իգոր Մանդելը:
Անջատվել էր Վոլոդյա Թորգոմի Վարդանյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների մասով գործը` «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ից հափշտակված 176.000.000 ՀՀ դրամ գումարն Աշոտ Հակոբյանի հետ «հանցավոր համաձայնությամբ» օրինականացվել է, կազմվել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` «Շենգավիթ-Ա» ՍՊԸ մասնակիցների ժողովի արձանագրություն, Իգոր Մանդելին եւ Աշոտ Հակոբյանին սպանության սպառնալիքներ հասցնելու դեպքերի վերաբերյալ մասը:
Աշոտ Հակոբյանին դատապարտել էին, որ «Շենգավիթ-Ա» ՍՊԸ հիմնադիրներից մեկի, ընկերության բաժնեմասի 50,4 տոկոսի մասնակցի եւ տնօրենի՝ Իգոր Արոնի Մանդելի հետ՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումարներ: Միայն նա է նստած, իսկ մնացյալը դեղատուն ունեն, գումարներ եւ գտնվում են ազատության մեջ: Այս գործով բազմիցս շեշտվում են գլխավոր դատախազության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, բանկիրների, դատավորների ու փաստաբան Արմեն Ումրշատյանի անունները:
Աշոտն իբր Իգոր Մանդելի հետ այդ գործին մասնակից էր դարձրել «Եվրոֆինանս» եւ «Իրավագարանտ» ՍՊԸ-ների հիմնադիր-տնօրեն Վոլոդյա Թորգոմի Վարդանյանին:
Դատարանում նրա որդին՝ Արման Վարդանյանը, որ միայն վկա էր դատակոչվել, հայտնել էր, թե. «Տեղյակ չէ, թե հայրը «Եվրոֆինանս» ՍՊԸ-ում ինչ գործառույթներ է իրականացրել, գիտեր, որ «Իրավագարանտ» ՍՊԸ-ն զբաղվել է հաշվապահական գործունեությամբ։ Աշոտ Հակոբյանն իմ հոր մորաքրոջ աղջկա ամուսինն է։ Իգոր Մանդելը գրասենյակ է եկել Աշոտի եւ իր հոր հետ։ Ինքը տեղյակ է, որ Իգորն ունեցել է տարածք՝ Այվազովսկու փողոցի վրա գտնվող դեղատան հատվածը եւ այն տվել է բանկին վարձով, որի դիմաց ստացված գումարի որոշ մասը փոխանցել է «Իրավագարանտ» ՍՊԸ-ի հաշվին: Գիտի, որ հետագայում ընկերության հաշվեհամարին գումար չի մնացել»։ Տղան հայտնել էր նաեւ, որ հայրը 2008թ. ապրիլի 24-ին տնից դուրս է եկել, որից հետո այլեւս տուն չի վերադարձել. «Հոր անհետացումից հետո «Իրավագարանտ» ՍՊԸ-ի տնօրեն է դարձել եղբայրը՝ Թորգոմ Վարդանյանը, իսկ «Եվրոֆինանս» ՍՊԸ-ի տնօրեն՝ իր մյուս եղբայր Արամ Վարդանյանը։ 2008թ. ապրիլի 27-ին ինքն իր հարսանիքի քավոր Վարդանի հետ գնացել է Աշոտ Հակոբյանի տուն՝ նրանից ճշտելու հոր գտնվելու վայրը։ Աշոտը տանը չի եղել, հանդիպել են Աշոտի որդի Արմանին եւ երեքով քայլել են բակում։ Այդ ընթացքում Արմանից հետաքրքրվել է իր հոր գտնվելու վայրի մասին։ Քանի որ իրենց բարեկամ փաստաբան Արմեն Ումրշատյանից մինչ այդ լսել է, որ Աշոտը հայտարարել է, որ սպանելու է իր հորը ու տեղյակ լինելով, որ Աշոտն իր հորից ինչ-որ գումարներ է վերցրել ու չի վերադարձրել, սկսել է կասկածել, որ հոր անհետանալու հետ Աշոտը կարող է կապ ունենալ։ Իգոր Մանդելին էլ է հարցրել, նա պատասխանել է, որ դրա վերաբերյալ տեղեկություններ չունի։Հետո իրենք դիմել են ոստիկանություն՝ հաղորդում տալով հոր անհետացման վերաբերյալ։ Այդ ընթացքում շարունակել են հոր որոնումները, սակայն նրան չեն գտել»:
Աշոտ Հակոբյանը մտավախություն ունի, թե Վարդանյանի անհետացումն ու անցյալ տարի նրա հուղարկավորությունն իրականում մի նպատակով է արվել. իրեն մեկուսացնելու եւ տիրանալու նշյալ գումարներին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
05.07.2017