ԱԺ-ում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2016-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նորա Առուստամյանը նախարարին հարցրեց՝ 2016-ի նոյեմբերին վարչապետը Արագածոտնի մարզ այցելության ժամանակ ներկայացրեց Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիր, վարչապետի այցից երկու ամիս հետո հայտարարվեց 50 մլն դոլարի վարկային ծրագրի մասին, առաջին փուլում շուրջ 4 մլն դոլարը հատկացվելու էր Աշտարակ քաղաքին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ծրագիրն ինչ փուլում է: Նախարարը պատասխանեց, որ ընթացքի մեջ է, բայց բյուջեի սահմանափակում ունեին, դրա համար որոշ ծրագրեր հետաձգվել են: Արամյանն ասաց, որ դեֆիցիտ կա, տնտեսական աճ է պետք, որ մեծ թողունակությամբ կարողանան ծրագրերն իրականացնել:
Վարդան Արամյանն ասաց, որ 2018-2020-ին ծրագրին ընթացք կտան, հիմա դեռ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հարցրեց՝ երբ համեմատում եք ՀՆԱ-ի տնտեսական աճի՝ 0.2-ի բացարձակ թիվը հավելյալ վերցրած արտաքին պարտքի թվի հետ, դա ձեզ չի՞ մտահոգում: Պետական գնումների մեջ տեղական արտադրանքը եւ ծառայությունները ի՞նչ տոկոս են կազմել:
Վարդան Արամյանը պատասխանեց, որ տեղեկատվություն չունեն դրա մասին:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը քննադատեց կառավարությանը, որ այդքան պարտք են վերցրել: Նա հարցրեց՝ կա՞ ինչ-որ հաջողության պատմություն, մի բան ասեք, որ կարողացել եք փոխել: Պետական պարտքը ավելացրել եք, ասում եք՝ դրանով տնտեսությանը լրացուցիչ իմպուլս ենք հաղորդել: Ձեր հաղորդած իմպուլսով տնտեսությունը հազիվ 0.2 տոկոսով է աճել: Հետո, նախորդ կառավարության կատարած բյուջեն է սա, դուք եկել եք, ինչ-որ բան փոխվե՞լ է, իշխանափոխություն չի եղել:
Վարդան Արամյանը պատասխանեց, որ հնարավոր չի քեզ մոտ 3 տարվա ընթացքում, 40 տոկոսի շրջանակներում տրանսֆերտների անկում լինի եւ դա քո վրա չազդի, բնականաբար, պետք է ազդի: Արամյանը մեջբերեց ամերիկյան ասացվածքներից՝ there is no such a thing as a free lunch. «Որեւիցե բան հենց այնպես չի լինում: Եթե ցանկանում ես գնես մի բան, պետք է մի բան փոխհատուցես: Մենք կարո՞ղ էինք առանց պարտքը վերցնելու այս տնտեսական ցնցմանը դիմանալ»:
Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց Արամյանին. «Ամերիկացիները, բացի անվճար լանչի մասին ասածից՝ նաեւ ասում են՝ timing is everything: Այն ժամանակահատվածում, որ ձեր կառավարությունը ստանձնել է, շատ վատ ժամանակահատված է՝ այդ խնդիրները լուծելու: Պետք է իշխանափոխություն լիներ, որ դուրս գայիք: Այս ժամանակահատվածում չի լինի»:
Արամյանը պատասխանեց, որ իրենք այդ կանոնները ընդունել են թիմով. «Մենք դասագրքային ոսկե կանոնին ենք հետեւել, եթե կա արտաքին շոկ, պարտավոր ես հաշվի նստել այդ բացասական զարգացումների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ