Իսկ առողջապահական իրավունքի նեղ մասնագետներ Հայաստանում չկան
Հայաստանում պատահում են դեպքեր, երբ հարազատները դատարան են դիմում` համարելով, որ իրենց հարազատը առողջությունը կորցրել է կամ մահացել է բժշկական սխալի պատճառով: Գրանցվել են նաեւ դեպքեր, երբ հիվանդի հարազատները ծեծի են ենթարկել բուժաշխատողներին: Նրանց իրավունքներով զբաղվող նեղ մասնագետներ կարծես թե չկան: Եվ այդ բացը համատեղ փորձում են լրացնել Հայ-Ռուսական եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանները: Նրանք հայտարարել են 2017-2018 ուստարվա ընդունելություն՝ «Առողջապահական իրավունք» մասնագիտացմամբ համատեղ մագիստրոսական ծրագրի համար: Առաջին փուլում, սակայն, մասնագիտության հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերվել դիմորդների կողմից:
«Առավոտի» հետ զրույցում Հայ-Ռուսական համալսարանի «Առողջապահական իրավունք» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի ղեկավար Միքայել Խաչատրյանը նշում է, որ ծրագիրն իրականացվելու է Հայ-Ռուսական համալսարանում, սակայն դասախոսները երկու համալսարաններից են լինելու, նաեւ տրվելու է Սլավոնական համալսարանի դիպլոմ եւ Բժշկական համալսարանի սերտիֆիկատ:
Միքայել Խաչատրյանը նշում է, որ դիմորդներ առաջին փուլում չեն եղել ու դա բացատրում է նրանով, որ խոսքը իրավունքի նոր ճյուղի մասին է, որը գուցե ընկալելի չի եղել, բացի դրանից, մեզանում շատ հարցեր ոչ իրավական հարթությունում են լուծվում. «Չնայած դրան, աշխատաշուկայում կա պահանջարկ, հիվանդանոցներում իրավաբաններ չկան, բժշկական իրավունքի հարցերով զբաղվողներ չկան, նաեւ հիվանդի իրավունքի պաշտպանության հարցեր կան»: Մեր զրուցակիցը փաստում է. «Արեւմտյան Եվրոպայի երկրներում առողջության իրավունքի հարցերը շատ ավելի կարեւոր եւ առանցքային են»:
Նա հավելում է. «Ըստ էության կա այդ մասնագետների անհրաժեշտությունը, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ եւ իրավական հարցեր: Այդ հողի վրա վեճեր շատ են լինում` վերարտադրողական առողջություն, արհեստական բեղմնավորում, մայրություն, օրգանների փոխպատվաստում եւ այլն…Օրինակ, Բժշկական համալսարանի ռեկտորը շատ է կարեւորում հենց բժիշկների իրավունքների պաշտպանության հարցերը, գտնում է, որ պետք է նրանց վերապատրաստում իրականացվի իրավական թեմաներով: Բժիշկներին ծեծում են, երբեմն նրանց աշխատանքային իրավունքները չեն պաշտպանվում. սա էլ կարեւոր ոլորտ է, որը կարիք ունի ուսումնասիրության»:
Միքայել Խաչատրյանից տեղեկացանք, որ մագիստրատուրա կարող են ընդունվել բոլորը, միայն պարտադիր է բակալավրիական կրթությունը եւ իրավագիտությունից քննություն հանձնելը. «Ուղղակի առաջին փուլում, որ մագիստրատուրան նոր էր բացվել, իրազեկվածությունը բարձր չէր, ինչ վերաբերում է մյուս փուլին, այն նախատեսված է հուլիսին եւ սեպտեմբերին, հուսանք, որ առարկայի նկատմամբ այս անգամ հետաքրքրությունը մեծ կլինի»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
05.07.2017