Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սպասում եմ՝ Վարուժի (Վարուժան Ավետիսյան) գործը պրավալ անելը հեռու չէ»

Հուլիս 06,2017 11:45

Ի՞նչ կապ կա ֆեյսբուքյան գրառման եւ Եգորյանի դեմ դիմումի միջեւ

Նախօրեին Փաստաբանների պալատում քննվում էր «Ազատություն եւ հայրենիք հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ լրագրող Թեհմինե Ենոքյանի բողոքը Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի դեմ: Դիմումի քննումը բավականին բուռն էր ընթանում, այն տեւեց մոտ 3 ժամ, սակայն ավարտին չհասցվեց, հարցերը շատ էին, արդեն ուշ երեկոյան որոշվեց նիստը հետաձգել:

Նշենք, որ դիմումով, ըստ էության, Արուսյակ Հայրապետյանն ու Թեհմինե Ենոքյանը պահանջում են ուսումնասիրել Եգորյանի՝ Արթուր Սարգսյանի շահերը ներկայացնելու ընթացքում գործողությունների բարեխղճությունը եւ նրա գործողություններին գնահատական տալ: Ըստ Հայրապետյանի՝ Հաց բերողը տառապել է Բեխտերեւի հիվանդությամբ, եւ կառավարության համապատասխան որոշմամբ՝ նման հիվանդության դեպքում մարդուն կալանքի մեջ պահելն արգելված է: Այս մասին իրենց հայտնի է դարձել Սարգսյանին ձերբակալելուց 4 օր հետո, սակայն Արթուր Սարգսյանի փաստաբան Եգորյանն այդ մասին իմանալով եւ ձեռքի տակ ունենալով փաստաթղթերը՝ որեւէ գործողություն չի կատարել Արթուր Սարգսյանի կալանքի միջոցը փոփոխելու ուղղությամբ: Ըստ բողոքի՝ մյուս մեղադրանքն էլ այն է, որ ներպետական ատյանները չսպառելով՝ Սարգսյանի փաստաբանը դիմել է ՄԻԵԴ։

Ներկայացնենք որոշ մանրամասներ նիստից:

Նիստը նախագահող Կարեն Մեժլումյանը պարզաբանումներ ներկայացրեց, ըստ որի՝ լրատվամիջոցներից մեկում Հաց բերողի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը հայտարարել էին. «Կալանքի հարցը քննարկվելուց, օգոստոսի 2-ին՝ ձերբակալելուց ավելի շուտ, քան 4 օր հետո, եւ 8 ժամ տեւած դատաքննության ընթացքում ներկայացրել են այդ փաստաթուղթը դատարանին, եւ 4 ժամը տեւել է հիվանդության հետ կապված հարցերի քննությունը: Ես ուզում եմ ճշտել՝ այս ժամկետային անհամատեղությունը՝ եթե Արթուր Սարգսյանի մոր եւ եղբոր կողմից են փաստաթղթերը տրվել, իրենք ասում են՝ այդ ժամանակ այդ հարցը բարձրացվել է, քննչական մարմինները տեղյակ են եղել նրա հիվանդության մասին: Սրա մասին ի՞նչ կասեք, միգուցե այլ տեղերից էլ են այդ փաստաթղթերը ստացել»: Այս հարցին ի պատասխան՝ Արուսյակ Հայրապետյանն ասաց. «Հարցն այսօր արդեն այն չէ՝ իրենք տեղյա՞կ են եղել, թե՞ ոչ:

Տեղյակ են եղել՝ պարզ է: Նույնիսկ ժամանակային տատանումներն էլ էական չեն, թե երբ են իրենք տեղյակ եղել, երբ են այդ թուղթը ունեցել, որովհետեւ հուլիսի 20-ից, երբ նա ձերբակալվեց, եւ մինչեւ դեկտեմբերի 30-ը, երբ փոխվեց կալանքը, որեւէ պահի փաստաբանները չեն արել այն, ինչ դեկտեմբերի վերջին արեցինք մենք: Այսինքն՝ երբ մենք պարզեցինք, որ Արթուր Սարգսյանը (մեր հիմնադրամի շահառուն էր) ունի հիվանդություն, որի առկայությունը բացառում է նրա կալանքի կրումը բանտախցում, միանգամից հարց առաջացավ՝ իսկ ի՞նչ է պետք անել այդ դեպքում: Մի բան էլ ֆիքսեք՝ այս հարցադրումները սկզբից փորձվեց բերել անձնական դաշտ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ՝ ինձ համար կարեւոր չէ, թե ով էր փաստաբանը, սա անձնական բնույթ չի կրում: Երբ իմացանք օրենքի մասին, ես, հայրս եւ Թեհմինե Ենոքայնը դիմեցինք անկախ փաստաբանին՝ ինչ է պետք անել այս դեպքում: Նա 5 րոպեում բացատրեց՝ պետք է դիմել քննչական կոմիտե եւ պահանջել՝ հիմնվելով այս փաստի վրա, փոխել կալանքի ձեւը, ինչը մենք արեցինք շատ օպերատիվ»: Հայրապետյանը հրաժարվեց բացահայտել, թե ով էր իրենց ասած անկախ փաստաբանը:

Եգորյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը կրկին ճշտեց՝ արդյոք 2 դիմումատուների կողմից անձնավորված չէ՞ այս գործընթացը: Ե՛վ Հայրապետյանը, ե՛ւ Ենոքյանը պնդեցին՝ ոչ: Ապա Լուսինե Հակոբյանը հետաքրքրվեց. «Ձեր դիմումում դուք նշում եք փաստաբանների կողմից որոշակի գործողություններ չկատարելու մասին: Բայց վերջում դուք պատասխանատվություն եք պահանջում միայն Տիգրան Եգորյանից, ինչո՞ւ»: Այս հարցին ի պատասխան՝ դիմումի հեղինակներն ասացին, որ Սարգսյանի մայրն ասել էր, որ իր կապը միայն Տիգրան Եգորյանի հետ էր:

Ապա Լուսինե Հակոբյանը մեջբերումներ ներկայացրեց Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումներից: Մասնավորապես, Արուսյակ Հայրապետյանը հետեւյալ գրառումն էր արել. «Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, նրան կալանավայրում պահելը օրենքի խախտում է»: Այս գրառման տակ Թեհմինե Ենոքյանը մեկնաբանություն էր գրել. «Ես զգուշացրել եմ, էս կարգի կարեւորագույն 2-3 անձի գործերը այդ փաստաբանին վստահելն առնվազն արկածախնդրություն է»: Ենոքյանը չժխտեց, որ դա իր գրառումն է, եւ որ իր ֆեյսբուքյան էջին տիրապետում է միայն ինքը: Եվ այդ փաստաբան ասելով նկատ
ի է ունեցել Եգորյանին:

Թե ի՞նչ է ուզում այս փաստաթղթով փաստաբանը ապացուցել՝ հարցին Լուսինե Հակոբյանն ասաց, որ նշված անձանց մոտ կա անձնական խնդիր Եգորյանի հանդեպ, իսկ թե ինչ անձնական խնդիր՝ այդ մասին հետագայում կհայտարարեն:
«Ես սպասում եմ՝ Վարուժի (Վարուժան Ավետիսյան) գործը պրավալ անելը հեռու չէ»,- Ենոքյանի մեկ այլ գրառում էր: Հարցին՝ ո՞ւմ կողմից եք սպասում պրավալ անելը, Ենոքյանը պատասխանեց՝ Տիգրան Եգորյանի:

Արուսյակ Հայրապետյանին վրդովեցրին այս մեջբերումները եւ կրկին պահանջեց, որպեսզի Եգորյանը պատասխանի իրենց դիմումում բարձրացված հարցերին. «Իմ խնդիրը Տիգրան Եգորյան անձը չէ, այլ Արթուր Սարգսյանի իրավունքների պաշտպանությունը: Ամեն ինչը փորձում են բերել անձնական դաշտ, որովհետեւ չեն կարողանում պատասխանել մեր հարցերին»:

Ապա Լուսինե Հակոբյանը մեջբերեց Ենոքյանի մեկ այլ գրառում. «Արշակ Մուսախանյանի, փաստաբան Եգորյանը «Ոչ»-ի քարոզարշավից հետո մի քանի հոգու գործ է ստանձնել, որը արժանացել է հետեւյալ ճակատագրին. պարզվում է՝ Արշակը ուզեցել ա երկրից դուրս գա, ու բացահայտվել ա, որ տուգանքներ կան իրա վրա, ոստիկանություն բերման ենթարկելուց հետո մենակ ինքը չի եղել, ով տուգանք ա ունեցել: Բոլոր գործերը Ոչ-ի ժամանակ, ըստ Արշակի, վարել ա Տիգրան Եգորյանը: Սա էլ նախորդ օրինակների շարունակությունն էր: Գոհար Սարոյանի փաստաբանն էլ ա եղել Եգորյանը»: Ենոքյանը չհերքեց, որ դա իր գրառումն է՝ նշելով, որ այդ մարդկանց ահազանգն է:

Հակոբյանը եւս մեկ գրառում էլ ներկայացրեց, որը Ենոքյանը կատարել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրած յութուբի լինքի տակ. «Հիշեք այս տեսանյութը՝ 5 ամիս շարունակ չեն բարեհաճել էս մարդկանց (նկատի ունի Հաց բերողի հարազատներին) զանգերին անգամ պատասխանել: Հենց ազատ արձակեցին, դարձան հերոսներ, փրկիչներ ու աստվածները: Բացահայտումները առջեւում են: Ինչեր էր պատմում տիկին Դոնարան՝ ականջովս եմ լսել: Շուտով հերթով, կարգով բոլորի մեծ գործերի եւ ստեղծած շղարշների մասին բացահայտ կասվի, կգնահատեք մեծ աշխատանքները, փաստերը հավաքագրված են»: Ենոքյանը դարձյալ չհերքեց, որ այս գրառումն ինքն է արել:

Այս հարցադրումները կրկին վրդովեցրին դիմումատուներին, Փաստաբանների պալատի խորհրդի նիստի որոշ անդամներ անգամ հուշեցին դիմումատուներին, որ նրանք իրավունք ունեն չպատասխանել հարցերին: Եվ այդ պահից սկսած՝ դիմումի հեղինակներ Ենոքյանն ու Հայրապետյանը հարցերի մեծ մասին հրաժարվեցին պատասխանել:
Նիստին ներկա Արուսյակ Հայրապետյանի հոր նյարդերը տեղի տվեցին, նա իր տեղից վեր թռավ ու վրդովված սկսեց գոռգոռալ, թե՝ ինչո՞ւ Եգորյանը չի պատասխանում իրենց հարցերին: Արուսյակ Հայրապետյանը կրկին պնդեց. «Եգորյանը պատասխան չունի»: Լուսինե Հակոբյանը վստահեցրեց՝ ֆեյսբուքյան գրառումները կապ ունեն Եգորյանի դեմ դիմումի անձնական դրդապատճառների հետ:

Նիստը տեւեց մոտ երեք ժամ, այն ավարտվեց 23.30-ի կողմերը, եւ հավանաբար այս ուշ ժամն էր պատճառը, որ խորհրդի անդամներից ոմանք էլ երբեմն վրդովվում էին, նեղսրտում նիստի երկարաձգվելուց, հարցերի մեծ քանակից: Խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանը ագրեսիվ տոնով ինչ-որ ցուցումներ էր տալիս Եգորյանին:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

06.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31