2016-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը ԱԺ-ում ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Տարին փակվել է 0.2 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ ծրագրված է եղել 2.2 տոկոս:
Նախարարը նշեց, որ 830 մլն դոլարի չափով տրանսֆերտները անկում են ապրել: Գյուղատնտեսությունն ու շինարարությունը բացասական է ազդել տնտեսական աճի վրա: Շինարարությունը անկում է ապրել 10.8 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 5.8 տոկոսով:
Վարդան Արամյանի խոսքերով՝ մենք մեր երկիրը զերծ ենք պահել ցնցումներից, բայց դա ունեցել է իր գինը, այդ գինը պետական պարտքի ցուցանիշն է. «2013-ի համեմատ 14 տոկոսային կետով ՀՆԱ-ի մեջ աճել է»: Որպեսզի մեզ մխիթարի, նախարարն ասաց, որ Վրաստանում էլ է պետական պարտքը ՀՆԱ-ի մեջ աճել:
Այսպիսով, Հայաստանում 56.7 տոկոսը ՀՆԱ-ի պետական պարտքն է կազմում: Արամյանը փարատեց նաեւ՝ ասելով, որ մեր պարտքերի, արկերի մեջ արտոնյալ վարկերը մեծ տոկոս են կազմում՝ 64 տոկոսը արտոնյալ են: Պարտքի վտանգավորության սահմանն էլ մենք դեռ չենք հատել: Արամյանը վստահեցրեց, որ մենք դեռեւս համարվում ենք նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասաց՝ Բելառուսի արտաքին պարտքը ՀՆԱ-ի հանդեպ կազմում է 52.3 տոկոս, Տաջիկստանինը՝ 35.3 տոկոս, Ղազախստանինը՝ 21.1 տոկոս, ՌԴ-ինը՝ 17 տոկոս, Ադրբեջանինը՝ 37 տոկոս, Ուզբեկստանինը՝ 11.6: Երբ մենք համեմատում ենք այլ պետությւոնների հետ եւ շեմի վտանգավորությունն ենք ասում, դա համադրելի չէ Հայաստանի համար: Է հա, Ամերիկայի արտաքին պարտքը 100 տոկոսից անցնում է, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, բայց դրանց հետ համեմատելը կոռեկտ չի:
Արամյանը պատասխանեց, որ ոչ միայն իրեն, այլեւ ամբողջ կառավարությանն է մտահոգում պարտքի ցուցանիշը. «Ճիշտ եք, մենք չպետք է համեմատվենք ԱՄՆ-ի, Ճապոնիայի հետ, համադրելի երկրների համեմատականն ենք ներկայացրել: Երբ ասում ենք նվազ պարտքի բեռ ունեցող ենք, համեմատում ենք զարգացող երկրների հետ»:
Նախարարի խոսքերով՝ «Եթե ցանկանում ես Սեւանա լճի ավազանը մինչեւ ոտքով չքայլես, պետք է ավտոմեքենա ունենաս»: Նա ասաց, որ տնտեսական աճն ապահովում են տնտեսվարողները եւ տնտեսվարողների վրա նոր հարկային բեռ դնելը վտանգավոր է, ուստի անհրաժեշտ է եղել, որ պարտք վերցնեն:
Արտաշես Գեղամյանը քննադատեց կառավարության քաղաքականությունը. «Ներմուծման աճի տեմպն ավելի առաջընթաց է, քան արտահանման: Սա մտածելու տեղիք է տալիս: Ռազմավարության արդյունքը պետք է երեւա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, ձեր ռազմավարությունն այդ ցուցանիշի վրա դրական չի ազդել: Այնպես որ, ճիշտ կլինի սկզբից ոտքով ման գանք՝ հիշելով՝ путь к звездам лежит через землю»:
Արամյանը պատասխանեց, որ 2015-ի ցուցանիշը պարտքի կարող էին պահել, բայց դրա արդյունքում ունենալու էին բացասական տնտեսական աճ, պարտքով լրացուցիչ իմպուլս են հաղորդել տնտեսությանը եւ իրենց քայլն արդարացված է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ