Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի մահը շահարկումից դուրս է

Հուլիս 06,2017 10:12

Երկու օր առաջ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը եւ մեր զինված ուժերի համաչափ պատասխանը կրկին սրելու է իրավիճակը ռազմաճակատում: Կարծում եմ՝ գործը լայնամասշտաբ պատերազմի դարձյալ չի հասնի, բայց որ կլինեն բախումներ, եւ, ցավոք, կլինեն նաեւ զոհեր երկու կողմերից՝ դա, ինձ թվում է, անխուսափելի է: Խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելը եւ հետո վայնասուն բարձրացնելը միջազգային պրակտիկայում ընդունված մարտավարություն է եւ (կարծում եմ` անարդարացիորեն) կրում է ազգերից մեկի անունը: Միտումնավոր չեմ կրկնի այդ եզրը՝ այդ ժողովրդին չվիրավորելու համար:

Իսկ ընդհանրապես ուզում եմ խոսել բոլոր ազգերի հանդեպ հարգալից վերաբերմունքի մասին, բոլոր, այդ թվում՝ ադրբեջանցիների եւ թուրքերի: Նրանց երկու պետությունների նպատակը մեզ հայտնի է՝ այդ երկրների ղեկավարները ոչ թե Արցախն են ուզում, նրանք ուզում են, որ մենք` հայերս, այս տարածաշրջանում չապրենք: Այդ նպատակն է հետապնդում թուրքական պետությունը շատ երկար ժամանակ` ավելի քան մեկ դար: Մենք այդ նպատակներին հակադրվելու համար ստիպված ենք ուժ կիրառել, ինքնապաշտպանվել: Եթե մեզ վրա կրակում են, մենք էլ պետք է կրակենք, եթե հակառակորդի զինվորը փորձում է մոտենալ մեր դիրքերին, նրան պետք է ոչնչացնել:
Բայց ազգի հանդեպ ատելությունը, ամբողջ ազգից վրեժ լուծելու ձգտումը չպիտի մթագնի մեր ուղեղը: Նախ` այն պատճառով, որ պատերազմը սառնասրտություն է պահանջում: Երկրորդ՝ ինձ թվում է, մենք կռիվ ենք տալիս ոչ միայն մեր հողի համար կամ հանուն մեր բնակչության պաշտպանության, մենք կռվում ենք նաեւ հանուն այն արժեքների, որոնցով մենք` հայերս, ցանկանում ենք ներկայանալ աշխարհին եւ, ինչու չէ, դարձնել այդ աշխարհը ավելի բարի եւ հանդուրժող:

Դա է պատճառը, որ երբ ադրբեջանցին (ենթադրենք, մեր կայքում որպես մեկնաբանություն) գրում է «դուք` հայերդ…», իսկ դրանից հետո նշում է որեւէ բացասական հատկանիշ, ես ուղղակի ջնջում եմ այդ մեկնաբանությունը եւ երբեք չեմ պատասխանում՝ «այդ դուք՝ ադրբեջանցիներդ եք…»: Որովհետեւ չեմ կարծում, որ որեւէ բացասական (եւ, իհարկե, նաեւ դրական) հատկանիշ կարելի է վերագրել ամբողջությամբ որեւէ ազգի:
Դա է նաեւ պատճառը, որ երբ պատերազմի զոհ է դառնում ադրբեջանցի երեխան, դա ինձ համար նույնքան ցավալի է, որքան հայ կամ որեւէ այլ ազգի երեխայի մահը: Հակառակորդը դա շահարկում է քաղաքական նպատակներով, բայց երկու տարեկան երեխայի մահը, իմ կարծիքով, դուրս պետք է լինի որեւէ շահարկումից:

Ես չեմ հավատում, որ մոտ ժամանակներս հնարավոր է խաղաղություն հաստատել մեր ժողովուրդների միջեւ: Բայց հնարավոր է մարդ մնալ նաեւ պատերազմի պարագայում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ինչպե՞ս պարտադրել կամ ստիպել Ադրբեջանական Հանրապետության ղեկավարությանը դադարեցնել արյունահեղությունը, ետ քաշվել Քուռ-Արաքսի ձախ ափ եւ հօգուտ Հայաստանի Հանրապետության օտարել Նախիջեւանը:
    Լինելով ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետ, ՀՀ ազգային անվտանգության նախարար, ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահ,
    25 տարվա ընթացքում ի՞նչ է նախաձեռնել Սերժ Սարգսյանը որպես ղեկավար (կոմունիստ, ՀՀշկուսակցական), առաջնորդ (ՀՀկուսակցական):
    Հասկանալի է, որ պատերազմում ամենա տաք ու անվտանգ տեղը խոհանոցն ու շտաբն է:
    Մնում է, ինչպես միշտ, որ անհատները փոխեն պատերազմի ընթացքը եւ վերջ տան արյունահեղությանը:

  2. Հ.Շ. says:

    պարզ է թէ – իր կոչումին արժանի – մտաւորականը չի կարող ուրիշ բան ասել, ուրիշ բան գրել

    սակայն նոյնքան պարզ է թէ եթէ մեր ռազմական գործիչները նոյն կերպով մտածեն, մեր պարտութիւնը ստոյգ կը դառնայ

    «մարդ մնալ» պատերազմո՞ւմ… հմմմ….

    պատկերացնենք որ դէմ առ դէմ, ձեռքերով, կռւում ենք բառացիօրէն գազանի մը հետ… թէ որ մարդ մնանք այդ պահին, որեւէ շանս ունի՞նք ողջ դուրս գալու այդ կռիւէն…

  3. vartan says:

    Վայրենու դիմաց պետք է ավելի վայրենի լինել. անցեալի եվ ներկայի պատմությունը այդ է ցոյց տալիս. թուրքերը կոտորեցին միլիոնավոր անմեղ եվ անզեն հայերի որոնց մէջ էին հարյուր հազարավոր մանուկներ , նրանց խեղդամահ էին անում …. մեր հայրենիքը տիրացան. այսքանից հետո միայն կռվել է պետք իսկ եթէ պարտվենք նրանք անխնա կոտորելու են մեր բոլորին ու խեղդամահ են անելու մեր բոլոր երեխաներին. զարմանալու ոչինչ չկա.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31