Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը ինքն է իրականացնում Վիեննայի եւ Պետերբուրգի որոշումները

Հուլիս 05,2017 23:45

Բուլղարական թերթի կատարած փաստաթղթերի գաղտնազերծումը, որն ի հայտ է բերել Բաքվից կատարված զենքի անօրինական վաճառքի մասին տեղեկություններ, շեշտակիորեն ընդգծում էր Բաքվի օժանդակությունը տարբեր երկիրներում գործող ահաբեկչական խմբերի:

Սիրիական դեպքերի ծավալման սկզբնական շրջանում դեռեւս լուր հրապարակվեց, որ իսլամական ահաբեկիչներին Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար է փոխանցել: Այդ ժամանակ հրապարակվեց նաեւ այն բացահայտումը, որ Կովկասից իսլամիստներին միացող  ահաբեկիչների գործունեությունը համակարգվում  է Ալիեւի թիկնազորի անդամի կողմից:

Ադրբեջանցի ահաբեկիչների՝ տարբեր երկրներում պատերազմելու, վիրավորվելու կամ սպանվելու լուրերը առատ էին միջազգային մամուլում. զուգահեռաբար կար նաեւ այն վարկածը, որ ադրբեջանցի վարձկանները նույնքան վտանգ են նաեւ Բաքվի կենտրոնական իշխանությունների համար տրամագծորեն հակադրված լինելով ալիեւյան վարչակարգին:

Հիմա այս վարկածը, որ որոշ ենթահող էր շահել եւ խորքի մեջ նաեւ պաշտպանում էր Ալիեւի իշխանությունը ահաբեկչական տարազից շրջվում է։

Բաց Բաքվի ահաբեկչական դիմագիծը հիմա չէ, որ երեւում  է աշխարհին։ Կացնահարում, կացնահարողի հերոսացում, գործարքներով նրա արտահանձնման գործողության դավադրական իրականացում, անզեն բնակչության ուղղությամբ ռմբակոծում, գերեվարված զինվորների անդամահատում, վարժողական ծրագիր իրականացնող ինքնաթիռի խփում` այս բոլորը տեղավորվում են ահաբեկչական պետության սահմանման ստորոգելիների շարքին:

Ադրբեջանի վերոնշյալ հանցավոր գործունեության ցանկը լրացնող որերորդ անգամ արձանագրվեց երեւույթը, երբ ֆիզիկական ու հոգեկան տկարություն ունեցող  հայ անհատներ ձերբակալվեցին ու ներկայացվեցին աշխարհին որպես հայ դիվերսանտներ, ընդգծելու համար Ադրբեջանի ուժայինների հերոսական գործունեությունը:

Հիմա հայկական կողմի ուղղությամբ կատարված ահաբեկչական քայլերին ավելանում են միջազգային երեւույթներ, որոնք վերահաստատում են Բաքվի այս էությունը: Պաշտոնական Ստեփանակերտը այս առիթով ավելացնում է, որ Բաքվում բուժվում են չեչեն, աֆղան, «գորշ գայլեր», դահեշականներ:

Բաքվի ահաբեկչական պետություն լինելու թղթածրարը բավական հարստացել է. եւ եթե ցարդ այս իրողությունը համոզում էր առավելաբար պետությունների համապատասխան ծառայությունների համար, այս կարեւոր բացահայտումներից հետո այլեւս միջազգային հանրային կարծիքի համար պարզորոշ է իրականությունը:

Քաղաքական իրատեսությունը հուշում է սակայն, որ քաղաքականացված մեկնաբանությունները  պետության  ահաբեկչության զորակցելու փաստը հրապարակելու եւ իբրեւ անմիջական հետևանք այն մեկուսացնելու կամ համարժեք պատժամիջոցներ որդեգրելու, անպայման բնական ընթացակարգի հիման վրա չի կատարվում:

Միջին Արեւելյան տարածաշրջանի պետությունները կամ գերտերությունները վերջին պահին, հանկարծ չէ, որ անդրադարձան Կատարի կողմից ահաբեկչության նպաստած լինելու իրականության:

Թվում է, որ պահը չի հասունացել վերաբերմունքի կամ պատժամիջոցի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու Բաքվի նկատմամբ: Բայց թղթածրարը համալրվում է եւ քաղաքականորեն հարմար պահին մեկուսացման կամ պատժամիջոցների կանաչ լույսը վառելու է:

Եւ պատահական չէ, որ Բաքուն միջազգային գայթակղության նախադրյալները պարփակող այս բացահայտումների դիմաց նախահարձակողականության նոր դրսեւորում էր ունենում հայկական կողմի ուղղությամբ։ Նույնքան պատահական չէ, որ կրակակետը ադրբեջանական գյուղից լիներ, որպեսզի այն չեզոքացնող հայկական պատասխանին դիմաց Բաքուն վայնասյուն բարձրացներ, թե բնակավայրեր  են ռմբակոծովում հայկական կողմից:

Հայկական կողմը ցույց  է տալիս հետեւողականություն. ընդ որում նաեւ միջազգային որոշումների ու բանաձեւերի համահունչ հետեւողականություն:

Վիեննան ու Պետերբուրգը խոսում են շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքերը հզորացնելու, վերահսկողության գործիքակազմերը արդիականացնելու եւ նաեւ միջադեպերի հետաքննությունը կատարելու:

Բաքուն հետեւողական վարքագծով արգելակում է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման գործընթացը: Հայկական կողմը ռազմական արհեստագիտության հագեցվածությամբ այսօր ի վիճակի է հակառակորդի դիրքերի խորքերը դիտարկելու, նկարահանելով այնտեղի շարժումները, բացահայտելու նախահարձակողականությունը եւ հետաքննության եզրակացությունից հետո նաեւ պատժելու:

Սա է, որ տեղի  է ունենում պարզապես։ Հայկական կողմն իրեն վերապահել է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման պարտականությունը, մինչև այն պահը, որ ահաբեկչական պետությունը կշարունակի  արգելակել միջազգային որոշումների գործնականացումը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31