Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի իշխող քաղաքական ուժը հանրապետության նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը

Հուլիս 05,2017 19:33

Այսօր՝ հուլիսի 5-ին, Շուշիի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարը:

Հանրապետության և կուսակցության օրհներգերի հնչեցումից հետո Արցախի իշխող քաղաքական ուժի համագումարի օրակարգը շուրջ 370 պատվիրակներին ներկայացրել է կուսակցության ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը: Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգելուց հետո համագումարի պատվիրակները հաստատել են կուսակցության նախագահի հաշվետվությունից, 2017թ.-ի հուլիս ամսում խորհրդարանի կողմից հանրապետության նախագահի ընտրության հարցում կուսակցության դիրքորոշման, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունից և կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունների հարցերից կազմված օրակարգը:

ԱՀԿ նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով համագումարի պատվիրակներին, նշել է, որ կուսակցությունը շուրջ տասը տարի հանդիսանում է հանրապետության դոմինանտ քաղաքական ուժը, որը երկրի մյուս առաջատար քաղաքական ուժերի հետ միասին մեծ պատասխանատվություն է ստանձնել ինչպես առաջընթացի, այնպես էլ թերացումների համար:

«Արցախի առաջատար մյուս քաղաքական ուժերի, ինչպես նաև ընդդիմության հետ միասին մեզ հաջողվել է հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտում լուրջ առաջընթաց գրանցել: ՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճի ապահովումից ստացված գումարները մենք շարունակ ուղղել ենք սոցիալական ծրագրերի քանակի ու ծավալների ավելացմանը: Արդյունքում, 2007թ.-ից սկսած մեր երկրում ծնունդների թիվը տարեկան շատացել է՝ 2050-ից հասնելով մինչև 2500-ի: Տնտեսության ոլորտում մեզ հաջողվել է ոչ միայն դիվերսիֆիկացնել առկա հնարավորությունները,­ այլև՝ ստեղծել և զարգացնել նոր ուղղություններ: Մասնավորապես, էլեկտրաէներգիա սպառող երկրից անցած տասը տարիներին մեզ հաջողվել է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ զուգահեռ ավելացնելով ներքին սպառման ծավալները: Կառուցվել է Հայաստանի հետ կապող Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ երկրորդ մայրուղին, նույն հատվածում կառուցվել է երկրորդ օդային գիծը, որն ապահովում է մեր հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Շուրջ 450 մլրդ դրամի շինարարություն է կատարվել մեր երկրում, որոնց արդյունքում կառուցվել են բազմաթիվ նոր դպրոցներ, մանկապարտեզներ, բնակարաններ, ջրագծեր և այլն: Մեծ ներդրումներ են կատարվել գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ բոլոր այդ ծրագրերն հաջողվել են իրականացնել առաջին հերթին հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ինչպես տասը տարի առաջ նախագահ Սահակյանի հետ սկսել են «Միասին հանուն Արցախի» կարգախոսով, այսօր էլ քաղաքական մյուս առաջատար ուժերի՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հետ քաղաքական համաձայնության են եկել Սահմանադրությամբ սահմանված անցումային շրջանի նախագահի պաշտոնում առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Բակո Սահակյանի գլխավորությամբ մեզ հաջողվել է երկրում շատ լուրջ առաջընթաց ապահովել: Տասը տարի առաջ նախագահի նախընտրական ծրագիրը շատերը թերահավատությամբ էին կարդում, այսօր արդեն այդ ծրագրի գերակշիռ մասը իրականություն է դարձել: Համոզված եմ՝ առաջիկա տարիներին մեզ հաջողվելու է զարգացնել այն ծրագրերը, որոնք տարիներ առաջ սկսել ենք ու հաջողություն ունեցել»,- ասել է Հարությունյանը:

Այնուհետև համագումարի քննարկմանն է դրվել առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հարցը: Համագումարը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Օրակարգի համաձայն՝ համագումարը լսել և հաստատել է կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ­ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը, ապա տեղի են ունեցել կուսակցության կենտրոնական խորհրդի կազմի և նոր նախագահի ընտրություններ: Համագումարը հաստատել է 77 հոգանոց խորհրդի կազմը, ապա նորընտիր կենտրոնական խորհրդի միաձայն որոշմամբ կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով կրկին վստահություն ցուցաբերելու համար՝ իր ելույթում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը անդրադարձել է հիմնականում կուսակցական շինարարությանը, ԱՀԿ առաջիկա ծրագրերին և կուսակցություն-հասարակություն ամենօրյա կապի ամրապնդման աշխատանքներին:
Կուսակցական պատվիրակների կողմից առաջադրած մի շարք հարցերի քննարկումից հետո «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարն ավարտել է իր աշխատանքները:
«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31