Կառավարության նիստի օրակարգում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին որոշման նախագիծը:
Ըստ օրենքում այս փոփոխությունների նախատեսվում է՝ «Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության եւ բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր) կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների (այսուհետ՝ այլ անձանց հիմնական իրավունքներ) պաշտպանության նպատակով»:
Մյուս փոփոխությունն էլ վերաբերում է իրավապահ մարմինների վարքագծին հավաքների ժամանակ. «Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն»:
Ինչպես նաեւ նախատեսվում է, որ դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողները իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով»:
Այս փոփոխություններն, ինչպես նախագծի հիմնավորման մեջ է գրված, պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով:
«Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանող օրենսդրություն, որը հնարավորություն կտա երաշխավորել հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը»,-գրված է հիմնավորման մեջ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ