«Իրավիճակը սահմանի վրա, անկասկած, լարում են ադրբեջանցիները եւ իրադարձությունների զարգացումը դրա մասին է խոսում»,- Aravot.am-ի հետ զրույցում Արցախի շփման գծում լարվածությունն այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա ասաց, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ կանխի անբարենպաստ զարգացումները սահմանին եւ մեր գլխավոր նպատակը դա է. «Օգտագործում ենք թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական բոլոր հնարավորությունները՝ հակառակորդին հասկացնելու, որ արկածախնդրությունը ոչ մի լավ բանի չի բերելու: Արցախի հանրապետության արտգործնախարարությունը, քաղաքական ղեկավարությունը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով միջադեպի հնարավոր զարգացումների վրա՝ Ադրբեջանին կոչ են անում չգնալ անհարկի սրացումների ճանապարհով, արկածախնդրության, որովհետեւ դա իրականում կարող է բերել անկանխատեսելի զարգացումների: Ոչ թե իրավիճակն այնպիսին է, որ կտրուկ քայլեր են արվելու, միշտ էլ սահմանի վրա լարվածություն կա, բայց հիմա խնդիրը կայանում է նրանում՝ իմաստ ունի՞ արդյոք:
Իմաստ ունի՞ նոր զոհերի գնով գնալ սեփական դիրքերն ամրապնդելու կամ միջազգային հանրությանն ինչ-որ բան ապացուցելու ճանապարհով: Բաքուն միջազգային իրավունքի նորմերն է խախտել՝ սեփական բնակչությանը դարձնելով թիրախ: Գիտե՞ք որտեղ են գտնվում իրենց հիմնական հենակետերը, հրետանին՝ բնակավայրերում: Եվ ես չեմ բացառում, որ տեղակայած լինեն որեւէ մանկապարտեզի հարեւանությամբ: Սա արդեն արկածախնդրություն էլ չի: Իրենք թաքնվում են երեխաների, կենդանի պատի թիկունքում»:
Ադրբեջանական մամուլում 2-ամյա երեխայի նկարը տարածում են եւ քարոզչություն են կառուցում այդ ֆոնի վրա: Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ իրենք հենց այդ փաստով փորձում են թաքնվել եւ թաքցնել նաեւ իրենց դավադիր քայլերը. «Մի կողմից սեփական ազգաբնակչությանն են փորձում շեղել, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը, բայց փաստը մնում է փաստ, այն հենակետերը, որտեղից նրանք փորձում են հարձակվել, գտնվում են բնակավայրերում, եթե դու ուզում ես լռեցնել այդ հենակետերը, ուրիշ տարբերակ չունես»:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ միանում է այն բոլոր կոչերին, որտեղ ցավ է արտահայտվում երեխայի զոհվելու կապակցությամբ. «Դա մեծ ցավ է, անկախ նրանից ինչ պարագայում է: Բայց ես կարծում եմ, որ այդ դառը կորուստի ցավը պետք է նաեւ Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը իր վրա զգա»:
Թե Մինսկի խմբի այդքան արագ արձագանքն ինչով է պայմանավորված, ըստ Խոսրով Հարությունյանի, Մինսկի խումբը վերջին շրջանում անընդհատ գտնվում է պրոցեսի մեջ. «Սրանից օրեր առաջ նրանք գտնվում էին Բաքվում, Ստեփանակերտում, Երեւանում, իրենք իրենց առաքելությունը չէին ավարտել եւ սա է լինում: Սա նաեւ ապտակ էր՝ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը եւ արդեն որերորդ անգամ: Դեռ այցելության հետքը չի չորացել՝ իրենք նոր ռազմական արկածախնդրություն են սարքում»:
Իրավիճակը կարո՞ղ է մեր դեմ շրջվել՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում Մինսկի խմբի հայտարարությունները համահունչ էին հայկական կողմի տեսակետին՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ոչ թե համահունչ էին հայկական կողմի ցանկությունների հետ, այլ ավելի շատ ադեկվատ էին ստեղծված իրավիճակին եւ քայլերին: Մինսկի խումբը ոչ թե փորձում էր հայկական կողմին աջակցել, այլ փաստերն էր արձանագրում: Նա շարունակում էր շատ օբյեկտիվ միջնորդի իր դիրքում լինել եւ կարծում եմ, կշարունակի այդպես մնալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ