Միջազգային օլիմպիական կոմիտեն անցած տարվա դեկտեմբերին IFMA Muay Thai-մարտարվեստն ընդգրկել է օլիմպիական ընտանիք, բայց առայժմ ոչ օլիմպիական մարզաձեւի կարգավիճակով: Այս տարվա հունվարին մարզաձեւը ճանաչել է նաեւ ՀԱՕԿ-ը:
Հայաստանի մուայ թայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը վստահ է, որ մարզաձեւը վաղ թե ուշ մուտք կգործի օլիմպիական խաղերի ծրագիր:
Aravot.am-ը Ա. Բրուտյանի հետ զրուցել է Ծաղկաձորում, որտեղ ֆեդերացիայի մարզիկները, մարզիչներն ու մրցավարները մեկօրյա հավաք-սեմինար էին անցկացնում:
Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ Ծաղկաձորից անմիջապես հետո հավաքական թիմերը գլխավոր մարզիչ Գոռ Գեւորգյանի ղեկավարությամբ երկշաբաթյա եւս մի հավաք կանցկացնեն Արմավիր քաղաքում, որից հետո մեր առաջատար երեք մարզիկները՝ ՌԴ հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող, 63,5 կգ քաշային Ալբերտ Ամիրջանյանը (նա այսուհետեւ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո), 57 կգ քաշային, Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնությունում 4րդ տեղն զբաղեցրած հայաստանցի Գոռ Նազարյանը եւ 71 կգ քաշային Արմեն Գրիգորյանը մի շարք հեղինակավոր ու պատասխանատու մրցումների կմասնակցեն Ռուսաստանի դաշնությունում եւ Չինաստանում:
Ֆեդերացիայի նախագահի խոսքերով, այդ մրցումները հոկտեմբերին Փարիզում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլեր են եւ տղաներից Եվրոպայի առաջնությունում սպասելիքները շատ մեծ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արտակ Բրուտյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում: