«Մենք պատրաստ ենք, մեր դռները բաց են Հայաստանի համար։ Մենք սպասում ենք փաստաթղթի ստորագրվելուն եւ, ինչպես արդեն ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հայ գործընկերների կողմից մենք կոնկրետ քայլերի ենք սպասում։ Մենք ակնկալում ենք ոչ թե խոստումներ, այլ կոնկրետ քայլեր»,- այսօր, «ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել. բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» թեմայով քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Հիշեցնենք, նոյեմբեր ամսին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում ակնկալվում է, որ Հայաստանը եւ ԵՄ-ն կստորագրեն շրջանակային համաձայնագիր: Այն, նախաստորագրվել է:
Հարցին՝ ի՞նչ տեղի կունենա, եթե փաստաթուղթը չստորագրվի, դիվանագետն ասաց. «Իհարկե, մենք կշարունակենք երկխոսությունը Հայաստանի հետ: Բայց երկխոսությունների տարբեր տեսակներ գոյություն ունեն՝ բարեկամական երկխոսություն, սովորական երկխոսություն եւ սառը երկխոսություն, «զենքի երկխոսությունն է»։ Մենք հայ-եվրոպական մեծ երկխոսության հույս ունենք։ Դա կախված է երկու կողմերից, ինչպես նաեւ մեր համաձայնությունների հստակ իրականացումից»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ