Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խաղաղ բնակիչներին մեր մեջքի հետեւում ենք պահում, իրենք՝ հակառակը, խաղաղ բնակիչների հետեւից են կրակում». Վովա Վարդանովը՝ դիվանային փորձագետների մասին

Հուլիս 05,2017 16:16

Հետախույզ Վովա Վարդանովը մշտապես պնդում է, որ Հայաստանը ոչ միայն պետք է հակահարված տա ադրբեջանական կողմի հարձակումներին, այլեւ նախահարձակ գործողություններ իրականացնի, մինչեւ իսկ Բաքուն գրավի:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք հուլիսի չորսին հայկական կողմի ձեռնարկած պատժիչ գործողություններն այն էին, ինչի մասին ինքը մշտապես խոսում է:

«Թուրքի լկտիությունը, կրակելը մեր դիրքապահների կամ խաղաղ բնակիչների վրա, պետք է լուրջ ու ադեկվատ պատասխան գործողությունների արժանանա, ոչ թե մեկ զինվորի դիմաց տասը թուրք սպանենք, այլ պետք է ճնշում գործադրենք մոտակա բնակավայրերի վրա, ոչնչացնենք մի քանի դիրք, ինչու չէ մի քիչ էլ առաջ գնանք մի քանի դիրք գրավենք: Մերոնց գործողությունների՝ պաշտպանական ռազմավարության տեսանկյունից շատ նորմալ է՝ իրենք խփել են ՝ թաքնվելով բնակավայրի մեջ, մերոնք խփել են հենց այդ բնակավայրին, հենց այդ կրակակետին: Հիմա թուրքերի ասածները, թե խաղաղ բնակիչներ են տուժել, շատ նորմալ է, մենք խաղաղ բնակիչներին մեր մեջքի հետեւում ենք պահում, իրենք՝ հակառակը, խաղաղ բնակիչների հետեւից կրակում են», ասաց պարոն Վարդանովը:

Ըստ նրա, հայկական կողմի գործողությունները բավարար չեն. «Փոխել է պետք վերաբերմունքը դեպի մեր հյուսիս-արեւելյան հարեւանը, պետք է վերջապես վերացնենք այդ հանրապետությունը՝ որպես թուրքերի հանրապետություն, ու փլատակների վրա ստեղծենք այդտեղ ապրող ազգային տարբեր փոքրամասնությունների հավասար իրավունքների կոնֆեդերացիա… այ դա կլինի հարցի լուծում, իսկ եթե իրենք կրակել են, ու մենք ի պատասխան, ապա նրանք միշտ կրակելու են ու մարդկային կորուստների նկատմամբ իմունիտետ ունեն, նրանց համար մարդիկ կորուստ չեն»:

Մեր դիտարկմանը, թե ձեր՝ մինչեւ Բաքու պետք է հասնենք ու Բաքուն գրավենք պնդումներին քաղաքագետ Արմեն Բադալյանն արձագանքեց՝ հակադարձելով. «Լավ կլինի, թող իրենց զավակներին ուղարկեն առաջին գիծ, որ հարձակվող առաջիններն իրենց զավակները լինեն, տեսնենք ՝ դրանից հետո այդ դիվանային գեներալները կխոսե՞ն նախահարձակ լինելու մասին… Ընդհանրապես պետք չէ հարձակվել, որովհետեւ կորուստներ են լինելու ու զոհվելու են շարքային երիտասարդները»:

Ի պատասխան պարոն Վարդանովն ասաց. «Ես «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունն եմ ղեկավարում, իմ մեծ տղան այդ գումարտակի ակտիվ մասնակից է, կրտսեր հրամանատար, իսկ հուլիսի տասնյոթին բանակ է գնալու, մեզ դիվանային փորձագետներ համարողները հենց իրենք են դիվանային ռազմագետներ ու փորձագետներ, իսկ մենք ռեալ գործով ենք զբաղվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31