Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս ամուսնանամ, բա զինվորներիս ու դիրքերն ո՞ւմ թողնեմ»․ Արծիվ Աշոտն այսօր կդառնար 24 տարեկան (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 05,2017 16:10

Այսօր Ախուրյանում բացվեց ապրիլյան պատերազմի ժամանակ Ջերբրայիլում նահատակված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հուշաքարն ու նրա անվամբ ցայտաղբյուրը։

Այսօր հերոսի ծնունդն է, նա կդառնար 24 տարեկան։ «Մենք շատ կուզենայինք Աշոտի ծնունդը նշել երաժշտությամբ, բայց, ցավոք, այսօր նշում ենք խոնարհումով ու հարգանքի տուրքով»,- ասաց Ախուրյանի բնակիչներից մեկը։

Գյուղապետ Արծուն Իգիթյանն էլ հավելեց, որ նա չի մահացել, անմահացել է։ Նրա աճյունն ամփոփված է Շուշին ազատագրած Ախուրյանի հերոսների պանթեոնում։ Իսկ նրանց թիվն այնքան շատ է։

Աշոտի գերեզմանը իր անվանակցի՝ հորեղբոր գերեզմանի կողքին է։ Շուշին ազատագրելիս Աշոտի հոր՝ Կարապետ Շահբազյանի հորեղբոր երկու տղաները զոհվել են։ Կարապետ Շահբազյանն էլ, լինելով ազատամարտիկ, անցնելով պատերազմի թոհուբոհով, որոշել է ամուսնանալ ու տղա երեխաներ ունենալուն պես նրանց անվանակոչել իր հորեղբոր երկու որդիների անուններով։ Տղաներից մեկի անունը դրել է Աշոտ, մյուսինը՝ Հունան։

Միջոցառման մասնակիցներն Աշոտին բնութագրեցին որպես գրագետ զինվորականի, որը ոգեշնչվելով հոր պատմություններով՝ որոշել էր դառնալ զինվորական։ Նա ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ու ծառայության անցել Արցախում։

Հայրը՝ Կարապետ Շահբազյանը պատմում է, որ տղան գաղտնապահ էր, ոչինչ չէիր կարող իմանալ ծառայությունից։ Նույնիսկ զոհվելուց հետո են ծնողները տեղեկացել, որ որդին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր է:

«Էնքան ինքնուրույն էր, նա ոչինչ չէր ասի, թե էս արեցի, էն արեցի։ Ինքը երբեք չէր խոսի դիրքերից, ամեն ինչ իր մոտ գաղտնիք էր, հենց հարցնեիր՝ Աշոտ, ի՞նչ վիճակ է, կարճ կկապեր՝ ամեն ինչ նորմալ է, պապ ջան։ Ծառայության ընթացքում Աշոտս գնաց Ասկերան՝ որպես դասակի հրամանատար, եղբայրն էլ էր այնտեղ ծառայում։ Ասկերանում ինքը եղբոր հրամանատարն է, դրանից հետո տեղափոխվեց Ջեբրայիլ։ Երկու տարի ծառայեց Ջեբրայիլում, կողքից պատմել են, թե ինչ հերոսություններ է արել Աշոտս։ Դեպքի օրը հրաման է տվել զինվորներին հետ քաշվել, ինքը վերցրել է զենքը ու մենակ կռիվ է տվել, որ իր զինվորների գլխից մազ չպակասի։ Եվ շատ հպարտ եմ, որ նման զավակ եմ դաստիարակել, և ինչ-որ տեղ զղջում եմ, որ նրա՝ զինվորականի ուղին ընտրելու հարցում մեծ դերակատարություն եմ ունեցել, քանի որ որդիս այսօր կողքիս չէ։ Դաստիարակությունը մի կողմ, մարդը իր հոգում պիտի ունենա հայրենասիրություն, մեր ժամանակներում ո՞վ էր մեզ դաստիարակել ոտքի կանգնել ու պատերազմի դաշտ գնալ, մեր սրտի մեջ ենք ցավ զգացել, դրա համար էլ գնացել ենք պատերազմ։ Իհարկե, իմ որդիներս յուրահատուկ դաստիարակություն են ստացել, բայց նրանք իրենց մեջ ունեն ոգին, սիրտը, հայրենիքի հանդեպ նվիրվածությունը։ Ստիպողաբար ոչինչ չի լինի»,-ասաց Աշոտի հայրը։

Մայրը՝ Լիանա Շահբազյանն էլ պատմում է, որ որդին չափազանց մարդասեր էր, բնավորությամբ հանգիստ ու համեստ։ «Աշոտի մոտ յուրաքանչյուր հարց լուծվող էր, ընդհանրապես չկարողանալ բառ չկար իր մոտ։ Ընդամենը 22 տարեկան էր, բայց ամեն ինչ հասցրել էր… Երբ ասեց զինվորական պիտի դառնամ, ես շատ ուրախացա, շատ եմ սիրում այդ մասնագիտությունը։ Երբ 12-րդ դասարան փոխադրվեց, ասեց՝ մամ, գիտես ռազմական եմ ընդունվելու, ասի՝ Աշոտ ջան, դա վերջանական որոշո՞ւմ է, ասեց՝ այո։ Իր գործերը միշտ հանգիստ, հարթ, առանց խոչընդոտների առաջ են գնացել, ընդունվեց, սովորեց, ավարտեց։ Ես շատ հպարտ էի, ինքը որ տուն էր գալիս էդ շորերով, շատ էր դուրս գալիս։ Մենք ընտանիքով շատ ենք հարգում ռազմական գործը։ Ուշքումիտքը իր զինվորներն էին, իր դիրքերը, երբ ասում էինք՝ Աշոտ ջան, ե՞րբ պիտի ամուսնանաս, ընտանիք կազմես, ասում էր՝ մամ դեռ ժամանակը չէ, ես պիտի կայանամ, որ ընտանիք կազմեմ։ Աշոտիս հետ վերջին անգամ խոսեցի մարտի 31-ին, ասեց՝ մամ, հոգնած եմ, մի քիչ հանգստանամ, որ դիրքեր ենք բարձրանալու։ Ասի՝ Աշոտ ջան, որ դիրքեր բարձրացար ամսի մեկին, անպայման կզանգես։ Ու դա եղավ վերջին զանգը»։

Ջեբրայիլի մարտերում զոհված Աշոտ Շահբազյանի մարմինը ադրբեջանական կողմը խոշտանգված է վերադարձրել ԼՂՀ իշխանություններին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31