Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական դատախազության որոշմամբ ևս մեկ զորակոչիկի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի

Հուլիս 05,2017 15:50

ՀՀ Զինվորական դատախազությունը բավարարել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու մասին զորակոչիկի միջնորդությունը՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը որակելով «խիստ սուբյեկտիվ»: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զորակոչիկներին տրամադրվող իրավական աջակցության շրջանակում առողջական խնդիրների առկայությամբ զինծառայությանը պիտանի ճանաչելու ևս երկու նման դեպքով ՀՀ Զինվորական դատախազություն էր դիմել ամիսներ առաջ, և վերջինիս որոշմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել նաև զորակոչիկներ Տ. Մ.-ի և Ա. Բ.-ի գործերով: Զորակոչիկ Ս. Լ.-ը, ունենալով առողջական խնդիրներ, 2016 թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել: Որոշման հետ համաձայն չլինելով՝ հրաժարվել է զինծառայության մեկնելուց, և զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, սակայն դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Ս. Լ.-ի ունեցած առողջական խնդիրների, դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի միջև հակասությունների առկայության, բժշկի կողմից տրված ախտորոշումների ոչ օբյեկտիվ լինելու և դրանց հետևանքների վերաբերյալ առաջադրված հարցերը ամբողջությամբ չեն պարզաբանվել:

Հանձնաժողովը եզրակացրել է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի և բժշկական հաստատությունների կողմից տրված ախտորոշումների միջև էական կարևորություն ունեցող հակասություններ, տարբերություններ չկան այն դեպքում, երբ զորակոչիկի ունեցած առողջական խնդիրների մի մասն ընդհանրապես չէր արձանագրվել ԿԲՀ եզրակացությամբ: Հաշվի առնելով այն, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը կասկած է հարուցում և բավարար չափով հիմնավորված չէ, զորակոչիկը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոք է ներկայացրել ՀՀ Զինվորական դատախազություն: Դրանում հայտնել է, որ զինծառայության չմեկնելու պատճառը ունեցած առողջական խնդիրներն են, որոնց մասին տեղեկացրել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին, ներկայացրել դրանք վկայող փաստաթղթեր, սակայն վերջինս պատշաճ ուշադրություն չի դարձրել դրան և հաշվի չառնելով գանգատները՝ ամբողջական հետազոտում չի իրականացրել: Արդյունքում եզրակացության մեջ արձանագրել է առողջական խնդիրների մի մասը, ինչն էլ հիմք է հանդիսացել սահմանափակումով պիտանի ճանաչելու համար: Ընդ որում՝ եզրակացրել է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի և բժշկական հաստատությունների կողմից տրված ախտորոշումների միջև էական կարևորություն ունեցող հակասություններ չկան, այն դեպքում, երբ դրանցում առկա ախտորոշումների ուղղությամբ որևէ հետազոտություն չի իրականացրել և եզրակացության մեջ չի ներառել: Վարույթն իրականացնող մարմինն էլ քննելով զորակոչիկի՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու 2017 թ. ապրիլի 13-ի միջնորդությունը՝ մերժել է այն և հիմնավոր համարել փորձագետի եզրակացությունը՝ չունենալով եզրակացության հիմնավորվածությունն ապացուցող որևէ փաստ, այն է՝ առնվազն համապատասխան մասնագիտական գրականության ցանկ, որի վրա հիմնվել է փորձագետն իր եզրակացությունները կատարելիս:

Բավարարվել է միայն ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանին հարցաքննելով, որն էլ իր ցուցմունքում չի ժխտել Ս. Լ.-ի ունեցած հիվանդությունների և փորձաքննության արդյունքների միջև առկա տարբերությունները, բայց և դրանք էական չի համարել և լրացուցիչ հետազոտությունների կարիք էլ չի տեսել: Սրա հիման վրա վարույթն իրականացնող մարմինը փորձագիտական եզրակացությունը հիմնավոր է համարել և կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու մասին զորակոչիկի միջնորդությունը 2017 թ. ապրիլի 18-ի որոշմամբ մերժել է: ՀՀ Զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազ Ս. Առաքելյանը որոշման դեմ զորակոչիկի բողոքը քննել և 2017 թ. հունիսի 1-ի որոշմամբ բավարարել է այն: Դատախազը փորձագետի եզրակացությունը գնահատել է «խիստ սուբյեկտիվ»՝ նշելով, որ միայն անձի խոսքերի հիման վրա եզրակացություն կատարելը իմաստազրկում է դատաբժշկական փորձաքննության դերը: Պարտադիր է համարել եզրակացության՝ գիտականորեն հիմնավորված լինելը և Ս. Լ.-ի առողջական խնդիրների առաջացման պատճառը պարզելը, որոնց մասին փորձագիտական եզրակացության մեջ չէր հիշատակվել: Դատախազ Ս. Առաքելյանը հանձնարարել է վերացնել քննիչի որոշումը և նշանակել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31