Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հարցին՝ դուք ձեզ մադրիդյան սկզբունքների սկզբունքների հայրը համարո՞ւմ եք, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ խորթ հայրն եք արդեն՝ պատասխանել էր. «Ես ինձ համարում եմ Մադրիդյան սկզբունքների փաստաթղթի առաջին պարբերության հայրը, որովհետեւ այդ փաստաթղթի միակ նորությունը հենց այդ առաջին պարբերությունն էր»:
Օսկանյանը նաեւ քննադատել էր, որ իրենից հետո այդ ձեռքբերումը՝ առաջին պարբերությունը փոխվել է, գնացել է 5-րդ, 6-րդ. «Իմ բանակցած փաստաթղթի առաջին պարբերությունում գրված է՝ ԼՂ ժողովուրդը ռեֆերենդումի միջոցով իր տարածքում իր բնակչությամբ կորոշի իր կարգավիճակը եւ այդ հանրաքվեի արդյունքը կարող է լինել ցանկացած ելք: Դա այն ժառանգությունն է, որ ես եմ թողել, ես դրա հայրն եմ, դրանից չեմ հրաժարվում»: Օսկանյանը քննադատել էր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ասելով. «Իշխանություններն այնքան անգործության են մատնվել, այնքան ապաշնորհ են, որ անգամ մի տարածք որ ուզենան տան՝ սխալ կտան, չի ստացվի, կսխալվեն»:
Այս առնչությամբ Aravot.am-ը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին հարցրեց՝ դուք ընդունո՞ւմ եք Օսկանյանի այդ քննադատությունը, որ այնքան ապաշնորհ քաղաքականություն է վարել իշխանությունը, անգամ իր բանակցած առաջին պարբերությունը 6-րդ պարբերություն են տարել: Աշոտյանը պատասխանեց. «Ես այս տարիների ընթացքում շատ առիթներ եմ ունեցել անդրադառնալու պարոն Օսկանյանի գնահատականներին՝ ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված: Իմ ողջ հարգանքով իր անցած ճանապարհի հանդեպ՝ որպես նախկին արտգործնախարար, այսօր չեմ պատրաստվում հատուկ ուշադրության արժանացնել արտախորհրդարանական որոշ ներկայացուցիչների նման վիճելի հայտարարությունը, հատկապես, եթե խորհրդարանում ունենք շատ աշխույժ իրեն դրսեւորող խորհրդարանական ընդդիմություն»:
Մեր հարցին՝ այնուամենայնիվ, Դուք ո՞ւմ եք համարում մադրիդյան սկզբունքների հայր՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես այդ տարիներին բեղմնավորման եւ այլ գործընթացների չեմ մասնակցել, կարծում եմ ճիշտ կլինի դիմել՝ ըստ վայրի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ