Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի համոզմամբ, այսօր բանակում մնացածները գաղափար չունեն ռազմարդյունաբերության մասին:
«Պատերազմի ժամանակ մենք կորցրինք նաև մեր ռազմական էլիտար ուժին, այն տղերքին, որոնք որ ե՛ւ գիտնական էին, Հայաստանի նկատմամբ տեսլական ունեին, ե՛ւ կռվում էին՝ Լեոնիդ Ազգալդյան, Մովսես Գորգիսյան եւ այլն: Եթե բանակում կռվող մարդիկ մնացին, ապա մեծամասնությունը տեխնոլոգիական առումով տեսլական չունեցող մարդիկ են…Մենք պետք է հաշվի առնենք, որ հին կապեր են ստեղծվել ռուսական ընկերությունների հետ մեր պաշտոնյաների կողմից, ու այդ կապերը դժվար է փոխել: Այս ոլորտում փոփոխություններ գրեթե չկան»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով, իրենց ու ՊՆ-ի միջեւ համագործակցության ծավալն այսօր շատ փոքր է, բայց նախկին պաշտոնյաների ժամանակ ընդհանրապես համագործակցություն չկար: Անդրադառնալով անօդաչու թռչող սարքերի ծրագրին՝ պարոն Վարդանյանն ասաց, որ 20 լաբորատորիայում կտեղադրեն անօդաչու թռչող սարքերի նախագծման աշխատանքները. «Ընդհանուր ծրագրի երկրորդ ուղղությունը Հայաստանի բրենդի ձևավորումն է, և տրվում է այն հարցի պատասխանը, թե ինչու Հայաստան: Մենք պետք է հստակ դիրքավորվենք աշխարհում»,-ասաց նա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ