Հուլիսի 4-12-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը։ Մրցույթի հաղթողի կոչման համար կպայքարեն 48 դաշնակահարներ աշխարհի 14 երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, Լեհաստան, Նորվեգիա, Չինաստան, Հարավային Կորեա, Սիրիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղըզստան, Վրաստան, Հայաստան։
Մրցութային ժյուրին նախագահելու է դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։ Նա նկատեց, որ «Արմենիան» մաս է կազմում գլոբալ մրցույթի, որը բաղկացած է 11 երկրներում անցկացվող առանձին մրցույթներից, որոնք կայանալու են ամբողջ 2017 թվականի ընթացքում։ Եվ այդ մրցույթների հաղթողները՝ յուրաքանչյուրից նվազագույնը 5 լավագույնները, հնարավորություն են ստանալու մասնակցելու 2018-ին Մալթայում անցկացվելիք դաշնակահարների միջազգային մրցույթին՝ Malta International Music Festival 2018-ի շրջանակում։
Պարոն Բաբախանյանը նշեց, որ մասնակիցների ընտրությունը կատարելիս առաջնությունը տալու է տաղանդին, կատարողական վարպետությանը, փորձառությանը. «Մենք պետք է ընտրենք լավագույնին՝ առաջին հերթին բացահայտելով վառ անհատականություններին։ Այսօր վառ անհատականությունները շատ քիչ են։ Դաշնամուր նվագել շատերը կարող են, բայց անհատականություն ցուցաբերել՝ ոչ բոլորը։ Մրցույթի ծրագիրն ազատ է. ցանկացած կատարող կարող է ներկայացնել իր նախընտրած ստեղծագործությունները։ Այդպիսով մենք կարող ենք ծանոթանալ երաժշտի և՛ ճաշակին, և՛ ծրագրի կառուցվածքին։ Երկու փուլերը փոքրիկ ներկայացումներ են, մինիհամերգներ, որոնցով պարզ կդառնա, թե ինչպես է կատարողը, բեմում կառուցելով մենահամերգ, կարողանում գրավել լսարանին իր ծրագրով ու ելույթներով»։
Հետաքրքիր է, որ մրցույթի մասնակիցների տարիքային շեմը մինչև 34-ն է, սակայն տարիքային ստորին շեմ սահմանված չէ։ Մասնակցում են նաև պատանիներ, որոնք կարող են ուժերը չափել իրենցից տարիքով երաժիշտների հետ։
«Արմենիան» ուղեկցվելու է նաև կամերային և սիմֆոնիկ համերգներով. հուլիսի 4-12-ն ամեն օր կայանալու են դասական երաժշտության երեկոներ՝ համաշխարհային աստղերի մասնակցությամբ, և մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու նրանց հետ։
Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Արփի ԴԱԼԼԱՔՅԱՆ