Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում երեք նշանակալի գործոն է առանձնացնում` փորձառության փոխանակում, Հայաստանում զինված ուժերի բարեփոխումների որակ, որոնք ուղղված են նաեւ կրթությանը եւ արդիականացում, պրոֆեսիոնալիզացիա, նոր հնարավորություններ, դեմոկրատիզացիա: Այդ մասին փորձագետն ասաց «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել`մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:
Նրա կարծիքով՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար վստահելի գործընկեր է, այն պարագայում, որ մի շարք գործընկերներ, օրինակ՝ Թուրքիան, բավական անհուսալի է դառնում: Նաեւ`ԱՄՆ-ի հետ համագործակցությունն է բավական երերուն:
Նա կարծում է, որ Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ՌԴ համագործակցության հարթակ դառնալ. «Ի վերջո, մենք մեր սպառազինությունը ստանում ենք ՌԴ-ից, փորձությունը` ՆԱՏՕ-ից»:
Մանրամասները` տեսանյութում
Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ իր ելույթում նկատեց`քննարկման ժամանակ կրթական ծրագրերի կարեւորությունն ընդգծեցինք, բայց Թուրքիան վերջերս «պատժել» էր Ավստրիային`վետտո դնելով, որոշ ծրագրերի վրա, տուժեց նաեւ Հայաստանը: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մի քանի ամիս չէին կարողանում մասնակցել ՆԱՏՕ-ի տարբեր կրթական ծրագրերին:
Բանախոսն անդրադարձավ նաեւ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, ԵԽԽՎ-ի զարգացումներին` խոսեց միջազգային կառույցներում հասունացած ներքին խնդիրներից եւ դրանց լուծման անհրաժեշտությունից:
Մանրամասները` տեսանյութում
Նա խոսեց նաեւ վերջերս հրապարակված փաստաթղթերի մասին, որոնք ապացուցում են Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք տրամադրելու փաստերը: «Ներքին բարեփոխումների շրջանակում նաեւ այդ հարցերին պետք է անդրադառնալ եւ ոչ միայն մենք Հայաստանում պետք է ուժ գտնենք մեր ներքին հարցերի մասին պարզ ու բաց խոսել, այլ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ եւս»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ