Սահմանադրագետ Վարդան Այվազյանը մտահոգված է՝ մեր հասարակությունը խանդավառված չէ Սահմանադրության օրվա առթիվ, այն, ըստ Այվազյանի, հանրության համար տոն չէ:
Այսօր՝ ՀՀ սահմանադրության օրվա առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ «Հենարան» ակումբում փորձագետը քաղաքացիների խանդավառության բացակայությունը պայմանավորեց ոչ թե սոցիալ-տնտեսական վիճակի, այլ մարդկանց մտածողությամբ. «Ընկերներս զանգում են, ասում՝ շնորհավոր տոնդ, ասում եմ` չեն գիտակցում, որ իմ տոնը չէ, այլ բոլորինս է: Սահմանադրության դերակատարությունը մեր կյանքում գիտակցված չէ»:
Պարոն Այվազյանի դիտարկմամբ, Սահմանադրություններն առաջարկում են իդեալականին մոտ մոդել, և ընդամենը հասարակությունն ու իշխանությունները պետք է մեկտեղեն ջանքերը, որ հասնեն դրան,և մենք էլ, եթե ջանքեր չկիրառենք, որևէ արդյունքի չենք կարող հասնել, անհրաժեշտ է տքնաջան աշխատանք իրականացնել:
Բանախոսը ուշադրություն հրավիրեց նաև անվտանգության խնդրին՝ նկատելով. «Հայոց բանակն ապահովում է մեր պետության ապահովման գործառնական հատվածը, անվտանգությունը պետք է նաև հայեցակարգային առումով պետականության ճիշտ մոդել ամրագրի:
Իմ հորդորն է` և´ մեր իշխանությունները, և´ մեր հանրությունը պետք է ջանքեր թափեն, հակառակ դեպքում Սահմանադրության մեջ ամրագրված դրույթները կմնան որպես բառախաղ: Հասարակության գիտակցության առումով պետք է համազգային ծրագիր լինի սկսած դպրոցից, նախարարներից, պատգամավորների վերապատրաստման դասընթացներից:
Վերապատրաստման անհրաժեշտություն ունեն քաղաքական պաշտոն կրողները՝ նախարարները, պատգամավորները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ