«ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ուժեղացումը կարեւոր է, իսկ արեւելյան թեւի մեր գործընկերներից է Հայաստանը»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
«ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել`մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկումը կազմակերպել էին Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը:
«ԱՄՆ նոր նախագահը մի քանի ժամից սկսելու է իր այցը Եվրոպա, սկսելու է Վարշավայից: Ես վստահ եմ, որ Թրամփը չի սիրում Լեհաստանը, բայց այցը Վարշավայից սկսելը հստակ ուղերձ է»,- ասաց դեսպանը: Ուղերձը` ՆԱՏՕ-ի կարեւորությունն է եւ նրա արեւելյան թեւի ուժեղացումը:
«ՆԱՏՕ-ն ՌԴ-ի դեմ ուղղված չէ, ուղղված է մեր ներքին պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, կայունության եւ անվտանգության ապահովմանը»,- հատուկ հայտարարեց դեսպանը` հավելելով. «Կարեւոր է ՆԱՏՕ-ի սահմանների շուրջ անվտանգության ապահովումը. Հարավային Կովկասը շատ մոտ է ՆԱՏՕ-ի սահմաններին: Սա մնում է ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից: Այս իմաստով, համագործակցությունը Հայաստանի եւ մեր գործընկերների հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները, շատ կարեւոր են»:
Խոսելով մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման մասին, դեսպանն ասաց`ՆԱՏՕ-ի գերխնդիրները զսպումը եւ պաշտպանությունն են, մենք պետք է երաշխիքներ ապահովենք ՆԱՏՕ-ի արեւելյան ճակատում. «Այդ հատվածում ՆԱՏՕ-ի ներկայությունը հստակ ուղերձ է`ՆԱՏՕ-ն ի վիճակի է ֆիզիկապես եւ ռազմական ճանապարհով պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անվտանգությունը»: Հիշեցնենք, այդ որոշումը կայացվեց անցած տարի, Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ