Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում նախակրթարաններում ուսումը ծնողների համար անվճար է, մնացած բոլոր համայնքներում որտեղ նախակրթարաններ կան՝ վճարովի է. «Ասպարեզ» ակումբ

Հուլիս 05,2017 12:37

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ եւ Գյումրու ավագանու անդամ Լ.Բարսեղյանը 2017 թ. ապրիլի 19-ին նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանի տարբեր համայնքներում նախակրթարանների մատչելիությունը տարբեր է, մասնավորաբար Երեւանում նախակրթարաններում ուսումը ծնողների համար անվճար է, մնացած բոլոր համայնքներում որտեղ նախակրթարաններ կան՝ վճարովի է:

Դպրոց ոտք դնող երեխաները այս խտրականության հետեւանքով իրենց գիտելիքներով բաժանվում են երկու խմբի՝ (1) առավել նախապատրաստված կամ որոշ նախնական գիտելիքներ ունեցողներ, եւ (2) շատ սահմանափակ գիտելիքներ ունեցողներ կամ չունեցողներ:

Նամակում ասվում է, որ այս խտրականությունը պայմանավորված է Երեւանի բյուջեի առավել բարենպաստ վիճակով՝ մնացած համայնքների համեմատ, ինչը արտահայտվում է ոչ միայն նախակրթարանների ֆինանսավորման ոլորտում:

Նամակում մասնավորաբար ասվում է.«…Հայտնի պիտի լինի Ձեզ, որ համայնքների բյուջեների ձեւավորման ՀՀ գործող օրենսդրությունը եւ պրակտիկան այնպիսին է, որ համայնքներում շնչին ընկնող համայնքային բյուջեի ցուցանիշը հեռու է համահավասար կամ համահավասարին մոտ լինելուց, մի համայնքում այդ ցուցանիշը կարող է մինչեւ 7-ապատիկ գերազանցել մեկ այլ համայնքի ցուցանիշը: Մասնավորաբար, Երեւանում շնչին ընկնող համայնքային բյուջեն 2,5-3 անգամ ավելի մեծ է, քան մյուս խոշոր քաղաքների համանման ցուցանիշը: Ակնհայտորեն սա թույլ չի տալիս մարզերում համայնքային բյուջեից այնպես ֆինանսավորել համայնքապատկան մանկապարտեզները, որ վերջիններս կարողանան համայնքների բոլոր երեխաներին անվճար նախնական կրթություն ապահովել, իսկ Երեւանում դա հնարավոր է: Կարծում եմ, որ եթե այս վիճակը տեւական դառնա, եւ խնդիրը չկարգավորվի, հաշվի առնելով նաեւ բազմաթիվ այլ խտրական երեւույթներ, որոնք առկա են պետական կառավարման սխալների եւ թերությունների պատճառով (տարբեր համայնքների կոմունալ տնտեսությունների մեջ խտրական ներդրումները եւ այլն), շարունակվելու է մարզերից միգրացիան դեպի մայրաքաղաք, դրանից բխող այլ հետեւանքներով:»

Նամակում Լ.Բարսեղյանն առաջարկել էր հանձնարարել ուսումնասիրել այս խնդիրը, մշակել երեւանյան եւ մարզային երեխաների նախարկրթարանային ուսման հավասար եւ արդար մատչելիության ապահովման մեխանիզմներ, այսպիսով վերացնել առկա խտրականությունը այս ոլորտում: Դա կարող է լինել սուբվենցիաների միջոցով, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի արմատական վերանայման եւ/կամ այլ միջոցներով:

2017 թ. մայիսի 22-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանել է վարչապետին ուղղված նամակին: Պատասխանում, մասնավորաբար, ասվում է. «…ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում հայտնում է, որ Ձեր կողմից բարձրացված խնդիրն արդիական է, եւ այն կարգավորելու նպատակով՝ նախարարության կողմից կատարվում են բազմակողմանի ուսումնասիրություններ: Ձեր կողմից արված առաջարկությունները հաշվի կառնվեն:»:

Խնդրի կարգավորման մասին, առայժմ այլ տեղեկություններ չկան:

ԺԱԱ հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31