Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Թոփչյան. «Ուրախ եմ, որ Սերգեյ Սմբատյանն ու ես հիմա իրար կողքի ենք։ Ես սա ամենաշատն եմ կարևորում»

Հուլիս 05,2017 12:16

Հուլիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավորությամբ մեկնարկեց «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը։ Բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Ծրագրում հնչել են Ալեքսեյ Շորի, Նիկոլո Պագանինիի, Անտոն Բրուքների ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես է եկել մեծահամբավ ջութակահար Ռոման Կիմը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, խոսելով «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի մասին, նշեց, որ հիանալի, գեղեցիկ մրցույթ-փառատոն է՝ հրաշալի արտիստներով։ «Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մասնակցում է, և մեծ պատիվ է, որ մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել։ Ուրախ եմ մեր համագործակցության համար, ուրախ եմ, որ Սերգեյ Սմբատյանն ու ես հիմա իրար կողքի ենք։ Ես սա ամենաշատն եմ կարևորում։ Դրա արդյունքն այն է լինելու, որ մենք պետք է կարողանանք համատեղ լավ բաների հասնել։ Անընդհատ մտածում ենք այդ ուղղությամբ։ Միասին ամեն ինչ ավելի հեշտ է լինում»,- ասաց Էդուարդ Թոփչյանը՝ ավելացնելով, որ ինչպես բոլոր մրցույթներից, այնպես էլ «Արմենիա» միջազգային մրցույթից ակնկալում է նոր տաղանդների բացահայտում։

Ջութակահար Ռոման Կիմն առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է, որ հայ հեղինակների ստեղծագործություններ չի կատարել, բայց շատ լավ ծանոթ է Խաչատրյանի արվեստին և հույս է հայտնում, որ մի օր կներկայացնի նրա Ջութակի կոնցերտը։ «Այսօր կատարել եմ Պագանինիի կոնցերտը։ Պագանինին շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Իմ կուռքն է, պաշտում եմ նրան մանկուց։ Նրա երաժշտությունը շատ վիրտուոզ է, բեմական»,- ասում է ջութակահարը։

«Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Նշենք, որ հուլիսի 5-ի առավոտից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվում են «Արմենիա» միջազգային մրցույթի դաշնակահարների առաջին փուլի լսումները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31