Մոտ մեկ ամիս առաջ անանուն մի նամակ ստացա, որով տեղեկացնում էին, որ ի թիվս այլ չարաշահումների և ապօրինի գործողությունների, «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ տնօրեն Սահակ Մուրադյանի նախաձեռնությամբ, հազարավոր ծառեր են հատվել, այն դեպքում, երբ ազգային պարկում նույնիսկ սանիտարական հատումներն են արգելված:
Նշենք, որ Սահակ Մուրադյանը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է և համաձայն Դիլիջանում շրջանառվող լուրերի` ջերմ հարաբերություններ ունի ոստիկանության և Անտառի պահպանության պետական տեսչության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, և վերջիններիս լռության ներքո էլ կատարվել են այդ ծառահատումները:
Ի դեպ, մեզ տեղեկացրեցին, որ Սահակ Մուրադյանը, համապատասխան ստուգումներից հետո, հայտարարել է, որ ինքը կապ չունի կատարվածի հետ, ծառերը հատվել են գարնան այն ժամանակահատվածում, երբ ինքը եղել է արձակուրդում: Դրանից հետո աշխատանքից հեռացվել է նրա տեղակալը, որն էլ, Սահակ Մուրադյանի խոսքով, կատարել է այդ ապօրինությունները:
Մինչդեռ, անտառապահների պնդմամբ, գարնանը այդ տարածքում, հորդառատ անձրևների պատճառով, հնարավոր չէ նման գործողություններ իրականացնել:
Մանրամասները ներկայացնում ենք տեսանյութում: Նշենք նաև, որ նկարահանումները կատարվել են սիրողական տեսախցիկով:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ