Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միայն գրախանութ բացելով, հաճախորդներին գայթակղելով՝ հնարավոր չէ գիրք ընթերցելու արվեստը համընդհանուր դարձնել». Սուսաննա Հարությունյան. «Հայոց աշխարհ»

Հուլիս 05,2017 11:04

Հարցազրույց արձակագիր, «Կայարան» գրական ակումբի համահիմնադիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Օրերս Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում բացվեց «Ավետիք Իսահակյանի» գրատնակը, որով փաստորեն տրվեց մայրաքաղաքում գրատնակների տեղադրման մշակույթի մեկնարկը: Առաջիկայում մայրաքաղաքում նախատեսվում է մի շարք մեծ ու փոքր գրախանութներ բացել, արդեն իսկ երկրով մեկ շրջում են գրաբուսները, որոնք շարժական գրախանութ-գրադարաններ են: Կարծում եք, գրքերի վաճառքի առաջարկը կտրուկ ավելացնելով եւ վաճառակետերը մարդկանց ավելի հասանելի դարձնելով՝ հնարավո՞ր է նաեւ համապատասխան պահանջարկ ձեւավորել:

-Իհարկե, միայն գրախանութ բացելով, հաճախորդներին գայթակղելով՝ հնարավոր չէ գիրք ընթերցելու արվեստը համընդհանուր դարձնել, մարդկանց մեջ նորից հետաքրքրություն առաջացնել դեպի գիրքը, գրականությունը:

Այս հարցում առաջնային նշանակություն ունի գրքի, գրականության քարոզչությունը: Մինչդեռ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ մասնավորապես մշակույթի նախարարությունն այդ ուղղությամբ ծրագրեր չեն իրականացնում:

Ի՞նչ է հեռարձակվում հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով: Ամեն ինչ՝ գրականությունից, գրքի քարոզչությունից բացի: Ռադիոյով նման մի հաղորդում կար, դա էլ փակվեց: Պետք է հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով քարոզել գիրքը, գիրք կարդալը, մարդկանց ուղղորդել դեպի որակյալ գրականություն՝ թե՛ ժամանակակից, թե՛ դասական, թե՛ հայրենական, թե՛ արտասահմանյան:

Բարձրարվեստ գրականության քարոզչության ուղղությամբ բոլորովին բան չի ձեռնարկվում, անգամ խոսակցություններ չկան այդ մասին, ապագայի ծրագրեր չկան: Նախեւառաջ հարկավոր է գիրք կարդալը պետական քաղաքականություն դարձնել, քայլեր անել, ռազմավարություն մշակել: Գրախանութներ բացելն այս շղթայում վերջին օղակներից մեկը պետք է լինի, ոչ թե առաջնային, երբ արդեն գիրք կարդալու պահանջարկը կաճի, այն ժամանակ էլ գրախանութները կարելի է ավելացնել:

-Խորհրդային տարիներին ընթերցանությունը համատարած երեւույթ էր, եթե մարդիկ չէին կարդում, գոնե հպարտանում էին իրենց անձնական հարուստ գրադարաններով: Քարոզչությա՞ն հետեւանք էր:

-Ինձ համար շատ տարօրինակ կլիներ, եթե համատարած բոլորը գիրք կարդային: Գրականությունը բարձր մտավոր կարողություն է պահանջում, քան ունի միջին վիճակագրական մարդը: Գիրք կարդալը միայն ինքնանպատակ գործողություն չէ, գրականությունը հարկավոր է նաեւ ճիշտ ընկալել:

Այդ պատճառով էլ անձամբ ես կարծում եմ, որ գիրք կարդալը սահմանափակ թվով մարդկանց հասու պետք է լինի՝ մտավոր, ընկալող, մտածող խավին: Խորհրդային տարիներին բոլորը պարտադիր պետք է գիրք կարդային, գիրք կարդացողն այն ժամանակ հարգված էր: Բայց մարդը կարող էր օրուգիշեր կարդալ եւ իր կարդացածից ոչինչ չհասկանալ, ոչինչ չվերցնել, չընկալել: Դա էլ ճիշտ մոտեցում չէր: Ընթերցանությունն էլ ստեղծագործական գործընթաց է, ինչի համար մարդուց ինտելեկտուալ պաշար է պահանջվում:

Այնուհանդերձ խորհրդային այդ մոտեցման մեջ լավն այն էր, որ գրողն այն տարիներին հեղինակություն էր համարվում, գիրքը, գրականությունը հարգի էին ու բարձր էին դասվում, քանի որ ճիշտ քարոզչություն էր արվում:

Այսօր մոտեցումը հակառակն է, մտավորականը, գրողը նսեմացած վիճակում է, ուրեմն ո՞վ կկարդա նրա ստեղծագործությունը, եթե ամեն ինչ արվում է, որ նրան չհարգեն, չգնահատեն, չմեծարեն, եթե ամեն ինչ արվում է գիրքը մարդկանցից հեռացնելու համար:

Թե ինչպես է պետությունը վերաբերվում գրքին, կարելի է հասկանալ միայն հետեւելով գրախանութների, գրադարանների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին. դրանք՝ «Անի» գրատունը, «Նոյյան տապանը», «Ավետիք Իսահակյանի» անվան գրադարանը, քաղաքի կենտրոնից վռնդեցին, եւ գրքի հանգրվանները տրվեցին այլ նպատակների համար, որոնք ավելի կարեւոր չէին:

Մտավորականի դերի բարձրացումը պետք է դառնա մեր գերխնդիրը: Եվ այստեղ անելիք ունի պետությունը, այլ ոչ թե մի գերատեսչություն կամ մասնավոր կառույց: Մեզանում մտավորականին ներկայացնողը հրատարակիչն է, որը շատ բան չի հասկանում գրականությունից եւ միշտ չէ, որ բարձրակարգ խմբագիր է ունենում:

Հրատարակիչները հայտարարում են, թե ժամանակակից հայ գրականություն գոյություն չունի՝ առանց նրանց գործերին ծանոթ լինելու: Ուրեմն նա ինչպե՞ս պետք է ներկայացնի գրողին, ինչպե՞ս պետք է զբաղվի նրա քարոզչությամբ: Այդ գործը պետք է պետությունը ստանձնի, գոնե առայժմ:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31