Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի տարածքում, Ոսկեպար գետում ամեն օր լողանում են Ոսկեպարից, հարակից գյուղերից տասնյակ երեխաներ եւ չափահաս անձինք: Այդ տեղանքը դարձել է յուրահատուկ, գեղեցիկ ջրաշխարհ, որի մուտքն ազատ է: Ջրային ավազանում միասին լողանում են տղա եւ աղջիկ երեխաներ:
Առավել համարձակ լողորդները ջրային ավազանի վերին հատվածում նետվում են մոտ 7 մետր խորություն ունեցող ջրապտույտի՝ «թորոնի« մեջ, իսկ ներքեւում լողանում են հանդարտի լողի սիրահարները:
Ոսկեպար գետի ջուրը մաքուր է, այն հավաքվում է սարերի ջինջ աղբյուրների ջրերից: Գետում լողացող երեխաներից մեկը մեզ ցույց տվեց իր բռնած խեցգետինը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ