«Ծառուկյան» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր գործընկերների պես կողմ է քվեարկել ոռոգման նպատակներով Սեւանա լճից լրացուցիչ (մինչեւ 100 միլիոն խմ) ջուր բաց թողնելու կառավարության նախաձեռնությանը։ Բայց ունի որոշակի մտահոգություններ ոչ միայն լճի էկոհամակարգին սպառնացող վտանգների, այլեւ ջրային տնտեսության եւ ընդհանրապես պետության կառավարման արդյունավետության հետ կապված։
-Ակնհայտ է, որ կա 130 հազար գյուղացիական տնտեսություն, որոնք ոչ մի մեղք չունեն, որ տարին սակավաջուր է։ Այդ մարդիկ առանց այն էլ տաժանակիր աշխատանք են կատարում, վարկեր են վերցրել, որպեսզի կարողանան լուծել հանապազօրյա հացի խնդիրը, եւ այդ տեսակետից երկու կարծիք չի կարող լինել՝ այդ մարդկանց ամեն կերպ պետք է օգնել։
Մյուս կողմից՝ մենք, որպես պետություն, արդեն բավական մեծ ճանապարհ ենք անցել, եւ պետք է գիտակցենք՝ այն տեմպերը, որով ընթանում են տարբեր ոլորտում պետության կողմից իրականացվող բարեփոխումները, բավարար չեն երկիրը փոխելու, բարեփոխելու, որակապես այլ երկիր դարձնելու համար։
Կարծում եմ, պետք է գնալ այլ ճանապարհով, այլապես կդառնանք մի պետություն, որին մեր ժողովուրդը արժանի չէ։ Կուզենայի, որ մեր ժողովուրդն ապրի ավելի արժանապատիվ պայմաններում՝ վստահ եմ, որ ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
-Գուցե կազմակերպվածությո՞ւնն է պակասում։
-Ես հենց դա նկատի ունեմ։ Չեմ ուզում լինել քննադատողի դերում, որ ամեն ինչին նայում է սեւ ակնոցով։ Այնպես չէ, թե տարիների ընթացքում ոչինչ չի արվել երկրի առջեւ ծառացած հարցերը լուծելու ուղղությամբ՝ որոշակի քայլեր, աշխատանքներ արվել են իշխանությունների կողմից։
Այդ աշխատանքն է անբավարար՝ պետք է գտնել լուծումներ, որոնք իրոք շատ բարդ են, բայց դրա համար էլ իշխանությունն իշխանություն է, եւ հասարակությունն իր վստահության քվեն տալիս է այս կամ այն քաղաքական ուժին, որպեսզի այդ միավորը կարողանա գտնել այն արդյունավետ լուծումները, որոնք որակապես կփոխեն երկրի իրավիճակը։
Օրինակ, լավ կլիներ՝ կառավարությունը ներկայացներ. ինչ է արվել կաթիլային համակարգի ներդրման ուղղությամբ, ցույց տար, ասեր՝ կաթիլային համակարգ ենք ներդրել այս ծավալով, առաջիկա տարիներին նախատեսում ենք այսքանը, եւ դրա միջոցով տնտեսված գումարներն ուղղվել են կամ ուղղվում են Արարատյան դաշտի այս հատվածի կարիքներին։
Այս օրինագծով մենք նախատեսվածից 100 միլիոն խմ ավելի քաղցրահամ ջուր ենք բաց թողնում Սեւանից։ 100 միլիոն խմ ջուրը մեկ միլիարդ լիտր է կամ 2 միլիարդ շիշ, եւ եթե Հայաստանը մեկ-երկու ցենտ ստանար յուրաքանչյուր լիտրի դիմաց, կունենար 1-2 միլիարդ դոլարի եկամուտ։ Հարց է առաջանում՝ արդյոք արդյունավե՞տ ենք օգտագործում մեր ջրային ռեսուրսները, թե՞ ոչ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում